Thursday, March 24, 2016

Երևա՛ն, իմ անչափահաս սեր


Ես ուզում եմ այն Երևանը, որը երեկ էր, բայց այն երիտասարդությամբ, որը վաղն է գալու։
Ցանկացած երկրի ճարտարապետություն ոչ միայն շենքերի ամբողջությունը կամ, ասենք, դրանք զարդարող բարձրաքանդակներն են, այլ այն մշակութային շերտը, որն ակումուլացվել է ժողովրդի գոյության ժամանակահատվածում (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մշակույթը զավթվել, յուրացվել կամ «սեփականացվել» է)։ Եվ որպես երևույթ՝ այն ոչ թե տրադիցիոն ու կոնկրետ ժամանակահատվածում ստեղծված մի բան է, այլ խորապես մատնանշում է տենդենցը։ Այն նաև ֆրագմենտալ դիտարկել չի կարելի, քանի որ ճարտարապետական մի ուղղության զարգացումը բերում է այլ ուղղությունների տրամաբանական վերելքի։
Երբ Դյուբուան, Շառլ Դիհլը, Յոզեֆ Ստրժիգովսկին կամ Նիկողայոս Մառը գրում էին, որ եվրոպական ճարտարապետությունը կրում է միջնադարյան հայկական ճարտարապետության ազդեցությունը, վստահաբար չէին խոսում միայն այն ժամանակ ծաղկում ապրող եկեղեցաշինության և դրանում կիրառվող մասնագիտական հնարքների մասին։
Այո՛, կար այդպիսի ժամանակ, երբ հայկական
ճարտարապետությունը շատ ազդեցիկ էր։ Օրինակ, որոշ տեսաբանների կարծիքով, պատշգամբն առաջին անգամ ի հայտ է եկել հայերի մոտ, նույնկերպ կամարակապ կառույցները և այլն։ Իսկ դրանք միայն գեղեցիկ հնարքներ չեն, այլ խորաթափանց ինժեներական միտք, հստակ հաշվարկներ և գեղեցիկի զգացողություն են պահանջում։
Եվ նման ֆանտաստիկ ժառանգություն ճարտարապետական մտքի ճառագման առումով, որ մենք ունենք, դժվար է պատկերացնել, եթե հարցը դիտարկենք քանակ/որակ հարաբերակցության մեջ։

Ինչ ունենք այսօր։ Անխնա վերացող մշակութային արժեք։ Ու պետք չէ ասել, թե շատ վերացող, ավելի ճիշտ «վիժեցվող» շենքեր այդպիսինը չունեն։ Վերադառնանք գրառման սկզբում բերված այն մտքին, որ ճարտարապետությունը ժամանակահատված է ենթադրում։ Ուստի, այսօրվա մեզ համար արժեք չներկայացնող կառույցը վաղը կարող է և պիտի որ լիներ մեր այսօրվա «քարե վկան»։
Վկաներ չկան, ուրեմն ամեն ինչ կարելի է պատմել այնպես, ինչպես ցանկալի է, ընդունելի է կամ էլի նման մի բան․․․
Ի՞նչ ենք անում, ժողովո՛ւրդ։ Գուցե այսպիսի վերաբերմունքը սեփական պատմության հանդեպ բերել է նրան, որ մենք 2796 տարեկան քաղաքում բացառապես մոդեռնիստական պատմության վկաներ կարող ենք տեսնել։ Ինչո՞ւ ենք նման հոգածությամբ ջնջում այն, ինչ տարիների հետ մեծացնում է արժեքը։ Հո մենակ կոնյակը չէ, որ տարիների հետ թանկանում է...
Ու թող որ այս 21-րդ դարի անհայրենիք ու անարմատ քաղաքում մտքի ճառագումներ ունենան այսօրվա երիտասարդները, ովքեր գիտակցել են, որ հանճարեղ գաղափարներ կարող են ծնվել նաև 2-հարկանի փոքրիկ շենքերում, որոնք ծվարել են մեգապոլիսներին հատուկ բանուկ փողոցների աղմուկից հեռու, որովհետև այստեղ է, որ դու մնում ես ինքդ քեզ հետ, խոսում միաժամանակ անցյալ ու ապագայի հետ և ստանում կերտելու ու ոչ թե քանդելու մեսիջներ։

Monday, March 14, 2016

Կնոջ դերը՝ խոհանոցո՞ւմ

Մեր հասարակությունում, ընտանիքում և աշխարհի վրա կանանց դերի մասին քննարկումներն անսպառ են։ Կանայք սերնդի գոյության և դրա գաղափարական ձևավորման հիմքում են, ընտանիքի պահապան սյունը, իսկ այսօր արդեն բազում կազմակերպությունների շարժիչ ուժը։ Եվ կնոջ հզորությունն, իմ կարծիքով, այս իրարից տարբեր դերերը համատեղելու կարողությամբ է պայմանավորված։
Անձամբ համարում եմ, որ գենդերային հավասարության գաղափարը միֆ է և մտացածին, որի հիմքում հասարակության երկբևեռության սկզբունքի հավասարակշռությունից հանելն է։ Թե ինչու է այդպես և ում է դա ձեռնտու, բոլորովին այլ հարց է, որին այսօր չեմ ուզում անդրադառնալ։ Մի բան պարզ է, կյանքն իսկապես այդքան գեղեցիկ չէր լինի, եթե կանայք այն չներկեին իրենց հոգեթով քնքշանքով, երբեմն առնական վճռականությամբ և անհամատեղելին համատեղելու ունակությամբ։
Եվ որքան էլ ասենք, թե հատկապես հայ կինն ընտանիքի պահապան սյունն է, չպետք է մոռանալ ներկայիս ժամանակի մարտահրավերները։ Բացառապես «տան ներսի սյուն» կանանց այսօր խիստ հազվադեպ կարելի է հանդիպել, քանի որ կանայք նաև ակտիվորեն զբաղվում են ընտանիքի ֆինանսական ապահովության հարցով, ինչն իրականում բոլորովին էլ վատ չէ։ Այլ հարց է, որ ընդհանուր ընկալումների և մասնավորաբար աշխարհընկալումների մեջ դա էական փոփոխություններ է առաջացնում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։
Եթե կնոջը դիտարկենք՝ որպես բացառապես ընտանիքի խնդիրների ապահովման պատասխանատու, հավանականությունը, որ նա կկարողանա առողջ սերունդ դաստիարակել ներկայիս պայմաններում, խիստ կասկածելի է, քանի որ ինքնազարգացման հնարավորություններին զուգահեռ, ավելացել է նաև շեղող տեղեկատվությունը «կանանց իրավունքների», «սեռերի հավասարության», «անսեռ հասարակության», «սեռական դաստիարակության» և այլնի մասին։
Սակայն կանանց դերի ընդգծման ֆոնի վրա ուզենք, թե չուզենք հասարակական ընկալման ձևափոխություն ամեն դեպքում տեղի է ունենում։ Եվ շատ խելամիտ կլիներ, եթե ոչ թե կնոջ և տղամարդու դերերի կարծրատիպային բաժանում արվեր, այլ մարդկությունը վերադառնար վաղուց արդեն փորձարկված դերերի փոխլրացման գաղափարին, որտեղ որևէ մեկը գերակա չէ և որևէ մեկի դերը բացառապես իրենը չէ, այլ ընդհանուրինը՝ ընդհանուր պատասխանատվությամբ և համատեղ նպատակով։ Եվ այդ գաղափարն է, որ հիմնահատակ խարխլում է այն տեսությունը, թե տղամարդը բացառապես որսի գնացող էր, իսկ կինը խոհանոցում էր։
Թող ծաղկառատ ու ծիծաղախինդ լինեն մեր գարունները, իսկ ողջ տարին՝ գարուն կանանց և նրանց ուղեկցող ասպետ տղամարդկանց համար։


Հ․Գ․ Ասպետը հնում ոչ թե զրահ կրող ոմն էր, այլ դերերի փոխլրացման ավանդույթի կրող ու սերնդեսերունդ փոխանցող։