Tuesday, July 26, 2016

ԻՆՉՈՒ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ


Մենք բոլորս նվիրյալներ ենք, ու պետք չէ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինել։ Ու ցավոք սրտի ով այս պարզ ճշմարտությունը դեռ չի գիտակցել՝ կանխամտածված կամ չենթադրելով, ազգային պառակտման հեղինակ է դառնում։ Մենք նվիրյալներ ենք ոչ պակաս այն անձանցից, ովքեր իրենց մահապարտ են կոչում։ Նվիրյալ ենք ոչ պակաս այն անձնանցից, ովքեր հավատացած են, թե սահմանի խաղաղությունը պահպանելու համար պետք չէ ներքին խժդժություն հրահրել։ Մենք նվիրյալ ենք, որովհետև բոլորս այսօր կիսում ենք այս փոքրիկ, բայց աշխարհաքաղաքական առումով կարևոր երկրի ճակատագիրը, ինչը կարող էինք հեշտությամբ չանել։ Մենք նվիրյալ ենք, որովհետև մեր ապագայի կերտմանն ենք մասնակցում՝ թեկուզ մեր ոչ բազմամղոն գործողություններով։ Սակայն դա ոչ մի կերպ մեզ չի օգնում փոփոխություն առաջացնել՝ մեր կյանքում, մեր երկրում, մեր պետությունում, իսկ ավելի գլոբալ տեսանկյունից՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի մեջ։
Մեր երկրում վաղուց ամեն ինչ այն չէ, ինչ պետք է լինի։ Վաղո՜ւց․․․ Մեր երկրի կենսական խնդիրները լուծելու համար մենք այլևս վատնում ենք պահուստային միջոցները՝ անձնական էներգիա, փող, բարեխղճություն, պարզ մտածողություն․․․ Սա ցավալի իրականություն է, որը չհասկանալու արդյունքում՝ հասել ենք մի կետի, երբ խնդիրների լուծման «միակ» տարբերակ է ներկայացվում զինված ապստամբությունը։ Ու գուցե հենց այդպես էլ լիներ, եթե «մարտնչող» երկու կողմերի հետևում էլ միևնույն «ականջները» չնշմարվեին՝ պառակտիչներինը։ Մենք այնքան ենք գազազած ստեղծված իրավիճակից (Մասլոուն կասեր, թե մենք անձնական անվտանգության հիմքն ենք կորցրել պարզապես, ու մի քիչ էլ, և կկորցնենք ֆիզիոլոգիայի՝ ամենաստորին շերտը), որ պատրաստ ենք ամեն բան տանուլ տալ, որովհետև այլևս տանուլ տալու բան չունենք։ ՍՏՈՊ․ունենք։ Ունենք, նույնիսկ եթե ամենաուժեղ մանիպուլյացիոն տեխնիկաներն օգտագործելով մեզ դոզավորված «ինֆորմացիոն դեղը» շարունակաբար տան։ Մենք կորցնելու լի՜քը բան ունենք։ Ու դա կապ չունի միջազգային հեղինակության հետ, կապ չունի մեր ունեցած լացակումած-փառահեղ անցյալի հետ։ Մենք կորցնում ենք մեր ապագան՝ միասնականության և համընդհանուր գաղափարի բացակայության պատճառով։ Ու ոչ մի տեսակի էմոցիոնալ կոչ այդ ապագան չի փրկելու։ Ու քանի դեռ մենք բոլորս դա չենք հասկացել, մեր կյանքում ոչինչ չի փոխվելու։
Մեր երկրին տնտեսության զարգացում է պետք։ Այո՛, դա հնարավոր չէ անել, եթե համակերպվենք անարդարություններին ու չաղաղակենք հարկայինի, ոստիկանության, առողջապահության, կրթության ոլորտների խայտառակությունների մասին։ Ու քանի դեռ մենք մտածում ենք, թե «թող ուրիշն ասի, ես հո գործ տվող չեմ», մեր կյանքում ոչինչ չի փոխվելու։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվելու, եթե մենք «սերժ», «ժիրիկ», «սա», «նա» պիտակավորումներ ենք տալիս։ Չի փոխվելու ոչինչ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ հանուն գաղափարի, ոչ թե ընդդեմ «սրա-նրա» պայքարներն անօգուտ են, ինչպես հազարավոր անգամներ մեզ ապացուցել է մեր լացակումած-փառապանծ պատմությունը։
Մեր կյանքում ոչինչ չի փոխվում այն պարզ պատճառով, որ մենք չենք ուզում ինքներս փոխվել, որ այլ կարծիք, քան մերն է, չենք ուզում հանդուրժել, որ պետության ու պետականության մասին տարբեր կարծիքներ կարող են լինել՝ բոլորն էլ արժանի կյանքի կոչվելու։

Մենք չենք ունենալու պանծալի երկիր, քանի դեռ զենքով ու քանդելու գաղափարով զինված երկու կողմերն էլ հետ քայլ չեն արել, քանի որ հնարավոր չէ բարձր թռչել, եթե մի քայլ հետ չես գնացել։ Իսկ մեզ հիմա կենսականորեն անհրաժեշտ է թռչել, հակառակ դեպքում ճահիճը տանելու է ամեն ինչ, և մենք կորցնելու ենք ԱՄԵՆ ԻՆՉ․․․

Monday, July 18, 2016

Շիլա, որի բոլոր «բաղադրամասերն» իրար արժանի են

Այսօր Հայաստանում տիրող իրականությունը մատնանշում է խորքային ու տարիների հնություն ունեցող խնդիրների մասին։ Ակնհայտ է, որ անընդհատ թեթև «փոքսը բաց թողնելով»՝ չեն լուծվել հասարակության բազում խնդիրներ, որոնց մասին եղել են խոստումներ տարբեր առիթներով։ Ժողովուրդը ցասում է ապրում։ Ու սա իրական սթափեցնող ազդակ է որքան իշխանության, նույնքան ընդդիմության համար։
Տարիներ շարունակ իշխանությունը, ինչպես ամեն տեղ աշխարհում, արել է ամեն ինչ կազմաքանդելու համար ընդդիմությունը, որի գոյությունը կարևոր է պետականաշինության ճանապարհին։ Արդյունքում որպես ընդդիմություն՝ ունենք հիմնականում դրսի որևէ պետության շահը ներկայացնող մարդկանց ինչ-որ խումբ, որը թեև պահանջում է արդարություն և ժողովրդավարություն, սակայն իր գործողություններն արդար ու ժողովրդակավարական երբեք չես անվանի։ Տեսակային առումով ներկայիս ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը հավատ չեն ներշնչում։ Դրանք երկուսն էլ կռիվ են տալիս արևի տակ իրենց տեղի համար։ Եվ ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե սարսափելի չլիներ։
Ակնհայտ է, որ այսօրվա ընդդիմության ներկայացուցիչները, որ պարբերաբար տարբեր անուններով են հանդես գալիս, իրականում փորձում են ապացուցել, որ իշխանություններին «պահպանող» ոստիկանությունն այնքան թույլ օղակ է, որ հնարավոր է դրա կայաններից մեկը գրավել և օրենքի ներկայացուցիչներին էլ արդեն 2 օր շարունակ պատանդ պահել։ Այս ֆոնի վրա իշխանությունը փորձում է ամեն գնով ցույց տալ, որ ինքը շա՜տ համբերատար է, ու ոչ մեկին մատով չի դիպչի, քնաի դեռ կա բանակցելու հնարավորություն։ Սակայն մասսայական ապօրինություններ են տեղի ունենում բոլոր այն վայրերում, որոնց մասին կա ինֆորմացիա, թե ըմբոստ-«ապստամբների» հավաքատեղի են։ Ու մի մեծ կաթսայում շիլա է եփվում, որտեղ բոլոր «բաղադրամասերն» իրար արժանի են։ Իսկ ո՞վ է տուժում․․․
Ես անկեղծորեն ցավում եմ այն անհատների համար, ովքեր անկեղծ պայքարում են ու չունեն հետին մտքեր։ Ես անկեղծորեն ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր թեև ներքուստ զգում են բաղձալի փոփոխությունների կարիքը, սակայն քայլ հեռու չեն անի ֆեյբուքի էկրանից։ Վերջին խմբի համար հատկապես շատ եմ ցավում, քանի որ նրանք են և՛ աղմուկ առաջացնողները, և՛ աղմուկից բողոքողները։
Մի բան շատ հստակ է։ Հայաստանում լրջագույն և համակարգային փոփոխությունների կարիք կա։ Ժողովրդի բողոքն արհամարհելը լուծումը չէ։ Ակնհայտ է, որ մեր հասարակությունը տառապում է չլսված լինելու բարդույթով, որն իրականում դարերի պատմություն ունի և հատուկ է փոքր ազգերին։ Հենց այս բարդույթն է մարդկանց մղում հուսալքության, որտեղ թվացյալ «էլ ուրիշ ելք չկա»-ներ են ու ծայրահեղ քայլեր։ Նույն բարդույթն է ապացուցում նաև այն, որ «եթե դու ինձ հետ համակարծիք չես, ուրեմն թշնամի ես, իշխանությունների պատվերն ես կատարում, թուրք ես․․․»
Ես ուզում եմ ապրել ավելի պայծառ ու լավ Հայաստանում, ես ուզում եմ, որ իմ երեխաներն ու թոռներն էլ այստեղ ապրեն։ Ես իմ ներքին բարեփոխումն անում եմ ու ուզում եմ բոլորն էլ իրենցից սկսեն, որովհետև մինչև այդ չարաբաստիկ բարդույթը չհաղթահարենք, չենք փոխելու մեր երկիրը, կես բառ հակառակ ասողին էլ թշնամի ենք որակելու։
Հանգստացեք, հայե՛ր, մանավանդ նրանք, որ իրենց շարքերի նաիվ հայրենասերների հաշվին հեղափոխության իմիտացիա են անում։ Իմիտացիա, քանի որ նույնիսկ իրենք են համոզված, որ «գործը գլուխ չեն բերելու», քանի դեռ փողոցում մարդիկ այնքան չեն կուտակվում, որ կրիտիկական մասսա ձևավորվի։ Հո ոստիկանները ազգի կեսին չե՞ն կարողանալու պահել մարզադահլիճներում։ Եվ նույն «մահապարտները» կտրուկ քայլերի չեն գնում, քանի որ համոզված չեն, որ իրենց սկսածը լիարժեք ռեզոնանս կունենա։
Իսկ փողոցում ռեզոնանս ակնկալել դժվար է, եթե «Էլեկտրիկ Երևանի» ֆենոմենը չկրկնվի։ Իսկ այն, ամենայն հավանականությամբ, չի կրկնվի, որովհետև․
ա/ այս գործողությունն անմիջականորեն կապված չէ մասսաների գրպանի հետ, ինչպես «Էլեկտրիկում»։ Այնտեղ հստակ էր, դիպուկ։ Այս պարագայում մարդիկ նման ուղղակի վտանգ չեն զգում, այլ կերպ ասած, ինչպես տարիներ շարունակ աստիճանաբար սեղմվող գոտուն հարմարվել են՝ նեղությունը չգիտակցելով, այնպես էլ հիմա կշարունակեն,
բ/ իսպառ մարած է հավատը, թե ինչ-որ բան, այնուամենայնիվ, հնարավոր է փոխել։ Ընդդիմության պարբերական հիասթափեցնող գործողությունները մարդկանց ստիպում են իրենց խաբված զգալ։ Եվ քանի որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքը չէ, ամեն հաջորդ հանրահավքին շատ ավելի քիչ մարդ է միանում։ Ու ևս մի կարևոր բան, խարիզմատիկ լիդեր, ով կարող է, ի վիճակի է միավորել հանրությանը, պարզապես չկա։ Ժիրայր Սեֆիլյանից, իհարկե, փորձում են ստանալ այդպիսին, սակայն նրա ու նրա թիմակիցների կույր պնդումները, թե ով մեզ հետ չէ՝ թուրք է, իշխանամետ, ազգի դավաճան, իրականում երկրի համար ցավող մի մեծ զանգվածի իրենցից վանում են, իսկ լիդերն այդպես էլ անտեսանելի է մնում,

գ/ իշխանությունն  այսօր ամենախոշոր գործատուն է։ Սա ֆանտաստիկ ռեսուրս է։ Մարդիկ պարզապես չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը, քանի որ այսօր մեր երկրում դժվար է գումար աշխատելը։ Այդ պարագայում, նույնիսկ ամենադժգոհը լեզուն կկծի, մի քիչ էլ կզսպի, բայց չի բողոքի։
Այսպես կարելի է երկար շարունակել։ Մի բան ցավալիերոն ակնհայտ է։ Մեր գործերում, մեր մտքերում ու գաղափարներում մենք միասնական չենք, ինչը թույլ չի տալիս ձևավորել առողջ ընդդիմություն, որն անկաշառ է ու անկեղծ և պարզապես կենսականորեն անհրաժեշտ՝ որակյալ պետություն կառուցելու համար։

Friday, July 15, 2016

Քաղաքակրթությունների պատերազմ` հանուն ահագնացող վախի

Քաղաքակրթությունների պատերազմները, որոնք մեր աչքի առաջ են այսօր և եղել են միշտ, ոչ թե դրանց տարբերություններից են, այլ այդ մշակույթների յուրացումից, համընդհանուր շահի մասին «մոռանալուց», դիմացինի մեջ թշնամի տեսնելու մոլուցքից։

Իսկ ինչո՞ւ է հարմար թշնամի ունենալը։ Բանն այն է, որ կառավարման կապիտալիստական մոդելում հատկապես շատ ընդգծվեց վախի մթնոլորտով ճնշում գործադրելը։ Սա հայտնի մոդել է, որը կիրառվել է անհիշելի ժամանակներից։ Նաև հոգեբանական է, եթե մարդը որևէ բանից անտեղյակ է, չի պատկերացնում դրա գոյության կանոնները, նրա մոտ առաջանում է անբացատրելի վախ անհայտի հանդեպ։

Վախի միջոցով կառավարումը հակամարդասիրական է, բայց սա այն է, ինչ մենք տեսնում ենք ամեն օր։ Վախից քարացած մարդը, ով որպես կանոն հույսի նշույլ անգամ չունի, չի պատկերացնում, թե ինչպես կարող է լուծել բարդ խնդիրը։ Ու նոր բան փորձելու փոխարեն՝ խուճապի է մատնվում։

Հենց նման խուճապ առաջացնելու է ուղղված վախը հրահրելու ցանկացած փորձ՝ սկսած Նիսում (Ֆրանսիա) տեղի ունեցած ահաբեկչությունից, վերջացրած «ձայնս կտրեմ, թե չէ գործս կկորցնեմ» աքսիոմը, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։

Մենք այսօր ապրում ենք երբևէ եղած ամենասարսափելի ժամանակներում, որոնք ուղղված են վախի ահագնացող ծավալների աճին։ Ու այս ամենը տեղի է ունենում տեղեկատվության անհավանական հոսքերի ֆոնին, որոնք առաջին հերթին ստեղծում են խոսքի ազատության իմիտացիա, սակայն իրականում հմտորեն կառավարվում են, և մենք սովորաբար ստանում ենք այն տեղեկատվությունը, որը մեզ «կարելի է իմանալ»։

Բարդ է ապրել մի աշխարհում, որտեղ քեզ մշտապես փորձում են պահել վախի մթնոլորտում։ Սակայն հեշտ է, եթե գիտես, թե իրականում որտեղ են թաքնված խնդիրները․ քաղաքակրթությունների պատերազմները ոչ թե դրանց տարբերություններից են, այլ այդ մշակույթների յուրացումից, համընդհանուր շահի մասին «մոռանալուց», դիմացինի մեջ թշնամի տեսնելու մոլուցքից։