Wednesday, December 2, 2015

Կիսագրագետ լրագրությունը կասկածի տակ է դնում ԶԼՄ-ի 4-րդ իշխանություն լինելը

Վերջին օրերի լրատվականների նյութերը մի քանի մտքի են տանում: Կամ մեր լրատվական դաշտը կիսապրոֆեսիոնալ է (այն է՝ քիչ տեղեկացված ու քիչ կարդացած), կամ հստակ ուղղորդում ունի, ինչն ակնհայտ է: Եվ էական չէ` լսարանիդ մոտ ուզում ես ներկայանալ՝ որպես ընդդիմադիր կամ այսպես ասած «անկախ», ակնհայտ վեկտորներ կան, որ տանում են հակառակ թև:

Քարն իրենց գլուխը: Ավելի կարևոր է այն, որ լրագրողական գրագիտության և աշխարհայացքի սահմանափակության պարագայում կասկածի տակ է դրվում այս մասնագիտության ազդեցությունը՝ որպես 4-րդ իշխանություն:

Օրինակ՝ մեկը հայտարարել է, որ ցանկանում է տնտեսական շարժում սկսել: Ու էական չէ, թե ով է հայտարարողը: Էական է այն, որ թեմայով հետաքրքրված լրագրողներն անմիջապես դառնում են «հակառակ» թևի ներկայացուցիչ: Ի՞նչ կլիներ, եթե լրագրողը հետաքրքրվեր, թե ինչ է նշանակում տնտեսական շարժում: Ինտերնետում ամենաթեթև որոնումները կբացահայտեն, որ դա նշանակում է նոր ձեռնարկատիրական նախաձեռնությունների իրականացում: Եվ հատուկ մտքի թռիչք անհրաժեշտ չէ, որպեսզի հասկանաս, որ դա միանշանակ ազդում է կոնկրետ երկրի տնտեսական դրական զարգացման, և ուրեմն ֆինանսական կայունության, ինքնաբավության վրա: Այստեղ, իսկապես էական չէ, թե ով է նախաձեռնողը: Կարևոր է այն, թե ինչ ռեսուրսների և հնարավորությունների է տիրապետում նախաձեռնության հեղինակը: Կարևոր է, որ այդ անհատն ունենա բազմաբևեռ քաղաքականություն, ազգանվեր մտածելակերպ, կամք՝ որևէ բան դեպի լավը փոխելու համար: Այս ամենի իսկությունն իմանալու համար անհրաժեշտ է պարզապես քննադատական կենսակերպերից մի քայլ հետ կանգնել և տեսնել, թե իրականում նման տնտեսական շարժման արդյունքում ինչ է ստացվում: Մի բան էլ շատ կարևոր է, որ ժամանակակից հզոր պետությունների հաղթարշավը հենց տնտեսական շարժումներից է սկսվել, դրանք իրագործողներին էլ այն ժամանակներում նույնպես թերահավատությամբ են մոտեցել:

Վերադառնալով լրատվական դաշտի նյութերից ծնված մտքերին. ախր, դուք ձեր երկրի վա՞տն եք ուզում, թե՞ դա ձեր անձնական շահերից չի բխում: Լավ է, որ լրատվամիջոցը հստակ քաղաքականություն է ունենում, սակայն այն, որպես հասարակությանը տեղեկացնող գործիք, նաև հակահասարակական չպետք է լինի: Իսկ այդպիսին լինելը, այսինքն` սրա-նրա շահին սպասարկելը, վաղ թե ուշ բացահայտվում է:

No comments:

Post a Comment