Saturday, December 5, 2015

Ոչ «այո»-ն, ոչ «ոչ»-ը մեր հասարակության ներսում տիրող ճգնաժամը չեն լուծելու...

Իսկ կար ժամանակ, երբ ընդդիմությունն էր պահանջում Սահմանադրությունը բարեփոխել: Ասել, թե այսօր իշխանությունները լծվել են այս «բարի» գործին այն պատճառով, որ այսպես կոչված «ընդդիմադիր» ուժերի ճնշումն էր ազդեցիկ, իհարկե, նաիվ մանկական եզրակացություն կլիներ: Ասել, որ «ընդդիմություն» կոչվածը հիմա բոյկոտում է հանրաքվեն կամ քարոզում «ոչ» ասել, քանի որ իր «կոչումից» դրդված պետք է ամեն ինչին «հակա» խոսել, նույնպես միամտություն է:
Հարցն ավելի խորքային է: Սահմանադրությունը երկրի օրենսդրական «բրենդբուքն» է: Այն որոշում է հիմնասյուները, որոնցով պետությունը ներկայանում է միջազգային և ներքին հանրությանը: Գործող Սահմանադրությունն, իր բացերով հանդերձ, այնքան էլ վատ բրենդբուք չէ: Սովորաբար սահմանադրությունները պարզապես, հասարակական փոփոխությունների ու պահանջների արդյունքում, որոշակի շտկումների կարիք են ունենում: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր:
Միջազգային քաղաքական արենայում Հայաստանն անհրաժեշտություն ունի ներկայանալու՝ որպես հստակ դեմոկրատական երկիր, որը նույնպես ամրագրվում է Սահմանադրությամբ: Սակայն ներկայիս Սահմանադրությունը հստակ միաբևեռ քաղաքական կառավարման մեխանիզմն է պաշտպանում: Կարելի է ասել միապետականության ժամանակակից ձևաչափն է՝ ինչպես ցանկացած նախագահական պետություն: Սակայն մինչև դրա դրական կամ բացասական, արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու շուրջ դեբատ սկսելը պետք է հասկանալ, թե որքանով է նման ֆորմատը ԿՈՆԿՐԵՏ հասարակության կառավարման համար խելամիտ:
Իհարկե, քաղաքական կառավարումը հոգեբանական տեսանկյունից քննելն անշնորհակալ գործ է, սակայն փորձենք: Հայ ժողովրդի ընդհանրական բնութագիրը թույլ է տալիս ասել, որ.
  • Լինելով ընդգծված անհատների հանրույթ` մենք չափազանց դժվար ենք գնում զիջումների, արդյունքում մեզ միշտ անհրաժեշտ է առավել «թափով» մեկը, որ կհանդարտեցնի քննարկման արդյունքում ծնված կրքերը,
  • Նույն անհատների առկայությունն էլ թույլ չի տալիս առավել ընդգծված մեկին ունենալ և նրան որպես առաջնորդ դիտարկել («ինքն ո՞վ ա, որ ինձ ասի` ես ինչ անեմ…»):
Սակայն պետք է նաև հաշվի առնել հասարակական էվոլյուցիան, և ուրեմն նաև երկրի մայր օրենքի և ընդհանրապես օրենսդրական ակտերի պարբերական թարմացումների անհրաժեշտությունը:
Այն, որ այսօր Հայաստանում տիրող իրավիճակն անընդունելի է, փաստ է: Սակայն որքանո՞վ է դա Սահմանադրությունում ամրագրված միաբևեռ իշխանության հետ կապված, դժվար է ասել: Հասարակական ընկալումների նույնիսկ ամենամոտավոր քննությունը ցույց է տալիս, որ մարդիկ «այո»-ի պատրաստակամություն ունեն, քանի որ ներկայիս իշխանությունների ադմինիստրատիվ ռեսուրսի մի մասն են կազմում, իսկ «ոչ»-ի կողմնակիցները պարզապես «զզված» են իշխանություններից և նրանց հետ կապված ամեն ինչին դեմ են ու պատրաստ բոյկոտել: Այսինքն՝ ոչ «այո»-ն, ոչ «ոչ»-ը իրականում հասարակության ներսում տիրող ճգնաժամը չեն լուծելու: Ու սա ակնհայտ քաղաքական հերթական խաղն է մի կողմից արտաքին քաղաքական վեկտորների աչքերի համար կազմակերպված, մյուս կողմից՝ հասարակությունում առկա բողոքի ամպը պարպելու համար:

No comments:

Post a Comment