Wednesday, January 20, 2016

Առուծախ` ինֆորմացիոն դաշտում

Լրատվական կայքերի ու դրանց սոցցանցերի բովանդակությունը կարդալիս միշտ մի դեպք եմ հիշում: Ընկերուհիներիցս մեկը սովորում էր ժուռնալիստիկայի ֆակուլտետում (իմ խորին համոզմամբ` շատ արժանի, անհրաժեշտ և պատվաբեր մասնագիտություն, կոչում, եթե կուզեք) և անընդհատ փնթփնթում էր, թե. «Հայաստանում գրելու բան չկա, մենք այնքան փոքր ենք, ու մեզ մոտ այնքան քիչ բան է տեղի ունենում…»: Անկեղծորեն զարմանում էի նաև այն բանից, որ այս բողոքներին ի պատասխան, նրա որոշ դասախոսներ, ասում էին, թե անհրաժեշտ է գրել ծառից ընկնող տերևի, բացվող լուսաբացի ու նման, իմ խորին համոզմամբ, ոչ ժուռնալիստական թեմաների մասին: Եվ իմ ընկերուհին իր խմբի «փայլուն» ներկայացուցիչներից էր, ումով հպարտանում էին և ում օրինակ էին բերում:
Այն, ինչով այսօր ողողված է հայկական լրատվական դաշտը, ապացուցում է, որ ընկերուհիս և իր համակուրսեցիները կրթվել և «ժուռնալիստական ճանապարհ» են անցել՝ հատկապես թափվող տերևների և բացվող լուսաբացների մասին գրելով:
Այնինչ, ժուռնալիստիկան, որ իրավամբ պետք է հասարակության համար 4-րդ իշխանությունը լինի, ենթադրում է վերլուծություններ, կարծիքներ, այն պետք է որակի ու ինֆորմացիայի մասին չափորոշիչ սահմանող օղակ լինի: 
Բոլորովին չթերագնահատելով որակյալ ժուռնալիստներին, ովքեր այսօր իրենց գործը հավուր պատշաճի են անում՝ ցավով պետք է նշել, որ լրատվական դաշտն ավելի շատ ինֆորմացիոն աղբանոց՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ, սրա-նրա անձնական կյանքից «կեղտոտ ներքնաշորի» պատառիկներով «համեմված» մի բան է հիշեցնում: 

Լրատվամիջոցը դասական կապիտալիստական ընկերություն է դարձել և ուրեմն լայն հասարակության (բաց գիտակցություն ունեցողների մասին է խոսքը) համար այն այլևս վստահելի չէ, քանի որ ոչ մի տրամաբանությամբ չի ծառայում հասարակական շահին, այլ տերերին, գովազդատուներին կամ թաքուն հովանավորներին սպասարկող հերթական «օբեկտն» է:


Ժուռնալիստիկան մեդալի այլ կողմ էլ ունի` քարոզչությունը: Որպես կանոն՝ քարոզչությունը ենթադրում է կապիտալիստական, եթե կուզեք, կոմերցիոն հարաբերություններ, մեխանիզմն էլ պարզ է. «Ես քեզ` գումար, դու ինձ` ինֆորմացիոն հարթակ»: Ընդ որում` հայկական լրատվամիջոցներն այս դասը լավ են սերտել. բոլոր հնարավոր տարբերակներով՝ գովազդային հաղորդումներ, պատվիրված հոդվածներ՝ բացահայտ կամ թաքնված պատվիրատուներով: Սակայն հատկապես նման կոմերցիոն բնույթը լրատվամիջոցին հեռացնում է իր բուն իմաստից՝ կրթել, սահմանել նշաձող՝ հասարակության զարգացման համար, լինել կարծիք ձևավորող, ընդ որում` անկողմնակալ ու արդար: Նման որակների բացակայության պարագայում կորչում է լրատվամիջոցի գոյության իմաստը՝ հասարակության 4-րդ իշխանություն լինելու տեսանկյունից:

Թեև ի՞նչ 4-րդ իշխանություն: Լրատվական դաշտը, չհաշված մի քանի բացառիկ նմուշ, ավելի հետաքրքրված է նրանով, թե ով ում քավորն է, ում հետ քնեց-արթնացավ, ում կինն ու աղջիկն ինչով են զբաղվում… Ու նորից հիշում եմ աշնան տերևների մասին գրելով կրթվող ժուռնալիստներին ու հասկանում, որ այլ բան ակնկալել հնարավոր էլ չէ:

Wednesday, January 13, 2016

Բարեգործության ու ողորմության նուրբ շեմին թափառելիս

Վերջերս լրատվամիջոցներից մեկը մի կնոջ մասին տեղեկատվություն էր տարածել, ով իր մանկահասակ երեխայի հետ ապրում է բաց երկնքի տակ՝ կիսախարխուլ շենքի վերջին հարկում: Հարազատներ չունի, իսկ ով էլ կա, չեն ընդունում ապօրինի զավակ ունեցած մորը: Ամեն ինչ այսքան ցավալի չէր լինի, եթե ողբալի չլիներ…

Սոցցանցերում ակտիվ քննարկումներ, դրամահավաքներ, «շորահավաքներ», երեխայի համար «խաղալիքահավաքներ»… Եվ ոչ մի առաջարկ աշխատանքով՝ սեփական քրտինքով հաց վաստակելու համար: Հիմա կասեք. «մեկը լինի՝ մեզ աշխատանք առաջարկի»: Հավատացած եմ` իր երեխաների հին շորերից ազատվել ցանկացող կինը այս կնոջը կարող է նաև մի համեստ գումարի դիմաց բնակարանը մաքրելու առաջարկ անել: Ի՞նչ է, վա՞տ աշխատանք է, թե՞ մեր չիները դրանից ընկնում են…

Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Անկախությունից ի վեր հայ ժողովրդի նկատմամբ բռնի, բայց «սպիտակ» ստրկացման գործիքներ են կիրառվում, որոնցից ամենահզորը, թերևս, հայտնի է «բարեգործություն» անվամբ: Սակայն դրա իրական եզրույթը «ողորմությունն» է: Հենց այդպես և ոչ մի այլ բառով:

Մենք սիրում ենք ցուցադրել այն, որ մենք բարի բան արեցինք, իսկ իրականում դրա տակ թաքնված է էգոիստական որևէ նկրտում, ինչպես օրինակ վերը նշված դիպվածը, երբ շտապ անհրաժեշտ է ազատվել երեխայի համար փոքրացած հագուստից: Մենք սիրում ենք գումար «նվիրաբերել» և «նվիրաբերածի» հարյուրապատիկի չափով գովազդել մեր ծառայությունները: Մենք կգերադասենք թափել ուտելիքը, բայց ոչ մի կերպ հաջորդ օրը ավելացած սնունդ անմիջապես չտրամադրել իսկապես կարիքավոր ընտանիքին… ու նման բազմաթիվ պատմություններ: Իրական բարեգործությունից շա՜տ հեռու պատմություններ…

Իսկ ինչո՞ւ բարեգործություն անել, եթե միշտ կա մեկը, ում վզին կարելի է բարդել ողջ մեղքը: Կառավարությունն է մեղավոր, որ մեր տանը զուգարանի ջուրը բաց թողնել հնարավոր չէ, հարևանն է մեղավոր, որ մեր տունը լավ չի տաքանում, գործընկերն է մեղավոր, որ ինձ առաջ չեն տանում ծառայողական սանդուղքով և այլն, և այլն…

Իհարկե, բազմաթիվ են դեպքերը, երբ իսկապես մեղավորներ կան ու պետք է պահանջներ ներկայացնել, սակայն վերադառնանք մեր այսօրվա թեմային:

Իրական բարեգործն այն անհատն է, ով խնայողաբար է օգտագործում իր ձեռքի տակ եղած ռեսուրսները և Ի ՇԱՀ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ, երբ դրանից անձնական փառասիրությունը չի շոյում ու շահույթի նպատակ չունի դրանց կիրառությունից: Բարեգործ է նա, ով իրեն առավել չի դասում դիմացինից և պատրաստ է համագործակցության: Բարեգործ է այն մարդը, ով պատրաստ է իր գրպանից վճարել, իրեն թեկուզ մի քիչ նեղություն տալ, հրաժարվել ինչ-որ աշխատանքից՝ հանուն առավել կարիքավորի:

Վերադառնալով այս գրառման սկզբում հիշատակված կնոջը՝ մի բան հավելեմ. հրեաները մի ասացվածք ունեն. «Ուրիշի երեխաներ չեն լինում»՝ ի նկատի ունենալով, որ հասարակությունը, անկախ ամեն ինչից, ՊԻՏԻ ՀՈԳ ՏԱՆԻ ցանկացած երեխայի համար, բայց թաքուն ու ծածուկ՝ իսկական բարեգործի նման: