Tuesday, February 9, 2016

Երբ կրթությունն ինքնանպատակ է

Կրթական ոլորտը համարում եմ ցանկացած հասարակության զարգացման հիմքը: Ընդ որում՝ համոզված եմ, որ կրթական ոլորտը, որը, ցավոք, այսօր ամբողջ աշխարհում ամենաքարացածն է, պետք է հասարակությունից մի քանի քայլ առաջ լինի: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Մասնավորապես, երեխա ունենալուց հետո հայ ծնողների միակ և անբեկանելի ցանկությունը երեխային բարձրագույն կրթության տալն է՝ անկախ երեխայի ունակություններից և ցանկություններից:
Ու այս ֆոնի վրա նույն ծնողները բիզնես միջավայրում պնդում են, թե MBA-ները, PhD-ները կապ չունեն որակյալ արդյունքի հետ: Կարծես մեր հասարակությունն էլ դրան նպաստում է: Կարիերայում և բիզնեսում հաջողության հասած մարդկանցից շատ քչերի հետ կարելի է ասոցացնել բարձր գիտական նվաճումներ: «Եթե ուզում ես շատ փող վաստակել, քիչ սովորիր» արտահայտությամբ էլ բացատրում են կրթության բացակայությունը:
Այո՛, շատ դեպքերում հաջողությունները պայմանավորված են ոչ այնքան ստացած գիտելիքներով, որքան բնատուր հատկանիշներով ու ձգտումներով: Իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, ծնվում են ոչ այնքան հարմարավետ պայմաններում:
Ինչևէ, թերագնահատել կրթության կարևորությունը ոչ մի կերպ չի կարելի: Կրթական հաստատությունը միայն գիտելիք տրամադրող հիմնարկ չէ, կրթությունն էլ, բնականաբար, առուծախի առարկա չէ: Բուհերում, դպրոցներում, նույնիսկ մանկապարտեզներում մարդիկ սովորում են շփվել ուրիշների հետ, իդեալական տարբերակում նաև՝ սեփական կարծիքը ձևավորելու և այն ներկայացնելու հնարավորություն ստանում:
Իսկ ինչո՞ւ իդեալական տարբերակում. որովհետև եթե այսօր երիտասարդ մայրը համարում է, որ երեխային վճարովի դպրոց տալով զտում է նրա շրջապատը ու «ամեն թափթփուկից» ազատում երեխային, հետո էլ բուհում փող տալիս (բացի ուսման վարձից), որ երեխան ստանա այդքան բաղձալի գնահատականը, իսկ դասախոսի կամ ուսուցչի աշխատավարձն ու աշխատանքային միջավայրը ոչ մի կերպ չեն մոտիվացնում ու ոգեշնչում, իդեալական կրթական հարթակի մասին խոսել հնարավոր չէ: Մենք միայն ինքնախաբեությամբ ենք զբաղվում, թե ուզում ենք մեր երեխաներին լավագույն կրթական հնարավորություններն ընձեռել: Իրականում ուզում ենք «թիթիզանալ», որ մեր երեխան գերազանցիկ է: Ու դրա համար ջանք չենք խնայում: Իսկ իրականում հենց երեխան պիտի ջանք թափի, իսկ մենք նրան մղենք դրան: Բազում անգամներ եմ տեսել, թե ինչպես է մայրը որդու փոխարեն շարադրություն գրում: Ի՞նչ կրթության որակի մասին պետք է խոսել, երբ գերազանց գնահատականն ավելի կարևոր է, երբ ստացած գիտելիքը, այն կիրառելու կարողությունն ու փորձառությունը դարձել են երկրորդական:
Թերևս, հենց այս կեղծիքի ձևաչափն է կրթությունը խեղաթյուրել՝ համապատասխան ազդեցություն ունենալով ողջ համակարգի վրա: Դրա համար էլ մեզ համառորեն քարոզում են, թե հարուստներից ոչ մեկն էլ բարձրագույն չունի: «Դու, ոչինչ, դիպլոմդ ստացիր, գիտելիքն ի՞նչ ես անում»,- կասենք մենք, եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ: Բայց մի՞թե այդպես է:
Ընդհանրացումները երբեք օգտակար չեն եղել: Նույնկերպ նաև կրթության ոլորտում է: Այստեղ էլ կան և՛ դրական, և՛ բացասական տեղաշարժեր: Բոլոր դեպքերն էլ պետք է գնահատել և համապատասխան քայլեր ձեռնարկել:
Մի բան ակնհայտ է, եթե չենք ուզում կործանվել՝ տեղեկատվական պատերազմներում տանուլ տալով, պիտի հզոր, ամուր և կայուն կրթական համակարգ ունենանք, որն սկսվում է ընտանիքում կրթության նկատմամբ իրական հարգանքի զարգացումից: Եթե մեր երեխաները տեսնեն, որ մենք ամեն օր, անկախ իրավիճակից, զբաղվում ենք ինքնակրթությամբ, դա նրանց համար սովորական երևույթ կլինի, կրթվելն էլ՝ բնական ընտրություն: Կրթվելը, ոչ թե գնահատական «քերելը»:

No comments:

Post a Comment