Tuesday, July 26, 2016

ԻՆՉՈՒ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ


Մենք բոլորս նվիրյալներ ենք, ու պետք չէ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինել։ Ու ցավոք սրտի ով այս պարզ ճշմարտությունը դեռ չի գիտակցել՝ կանխամտածված կամ չենթադրելով, ազգային պառակտման հեղինակ է դառնում։ Մենք նվիրյալներ ենք ոչ պակաս այն անձանցից, ովքեր իրենց մահապարտ են կոչում։ Նվիրյալ ենք ոչ պակաս այն անձնանցից, ովքեր հավատացած են, թե սահմանի խաղաղությունը պահպանելու համար պետք չէ ներքին խժդժություն հրահրել։ Մենք նվիրյալ ենք, որովհետև բոլորս այսօր կիսում ենք այս փոքրիկ, բայց աշխարհաքաղաքական առումով կարևոր երկրի ճակատագիրը, ինչը կարող էինք հեշտությամբ չանել։ Մենք նվիրյալ ենք, որովհետև մեր ապագայի կերտմանն ենք մասնակցում՝ թեկուզ մեր ոչ բազմամղոն գործողություններով։ Սակայն դա ոչ մի կերպ մեզ չի օգնում փոփոխություն առաջացնել՝ մեր կյանքում, մեր երկրում, մեր պետությունում, իսկ ավելի գլոբալ տեսանկյունից՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի մեջ։
Մեր երկրում վաղուց ամեն ինչ այն չէ, ինչ պետք է լինի։ Վաղո՜ւց․․․ Մեր երկրի կենսական խնդիրները լուծելու համար մենք այլևս վատնում ենք պահուստային միջոցները՝ անձնական էներգիա, փող, բարեխղճություն, պարզ մտածողություն․․․ Սա ցավալի իրականություն է, որը չհասկանալու արդյունքում՝ հասել ենք մի կետի, երբ խնդիրների լուծման «միակ» տարբերակ է ներկայացվում զինված ապստամբությունը։ Ու գուցե հենց այդպես էլ լիներ, եթե «մարտնչող» երկու կողմերի հետևում էլ միևնույն «ականջները» չնշմարվեին՝ պառակտիչներինը։ Մենք այնքան ենք գազազած ստեղծված իրավիճակից (Մասլոուն կասեր, թե մենք անձնական անվտանգության հիմքն ենք կորցրել պարզապես, ու մի քիչ էլ, և կկորցնենք ֆիզիոլոգիայի՝ ամենաստորին շերտը), որ պատրաստ ենք ամեն բան տանուլ տալ, որովհետև այլևս տանուլ տալու բան չունենք։ ՍՏՈՊ․ունենք։ Ունենք, նույնիսկ եթե ամենաուժեղ մանիպուլյացիոն տեխնիկաներն օգտագործելով մեզ դոզավորված «ինֆորմացիոն դեղը» շարունակաբար տան։ Մենք կորցնելու լի՜քը բան ունենք։ Ու դա կապ չունի միջազգային հեղինակության հետ, կապ չունի մեր ունեցած լացակումած-փառահեղ անցյալի հետ։ Մենք կորցնում ենք մեր ապագան՝ միասնականության և համընդհանուր գաղափարի բացակայության պատճառով։ Ու ոչ մի տեսակի էմոցիոնալ կոչ այդ ապագան չի փրկելու։ Ու քանի դեռ մենք բոլորս դա չենք հասկացել, մեր կյանքում ոչինչ չի փոխվելու։
Մեր երկրին տնտեսության զարգացում է պետք։ Այո՛, դա հնարավոր չէ անել, եթե համակերպվենք անարդարություններին ու չաղաղակենք հարկայինի, ոստիկանության, առողջապահության, կրթության ոլորտների խայտառակությունների մասին։ Ու քանի դեռ մենք մտածում ենք, թե «թող ուրիշն ասի, ես հո գործ տվող չեմ», մեր կյանքում ոչինչ չի փոխվելու։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվելու, եթե մենք «սերժ», «ժիրիկ», «սա», «նա» պիտակավորումներ ենք տալիս։ Չի փոխվելու ոչինչ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ հանուն գաղափարի, ոչ թե ընդդեմ «սրա-նրա» պայքարներն անօգուտ են, ինչպես հազարավոր անգամներ մեզ ապացուցել է մեր լացակումած-փառապանծ պատմությունը։
Մեր կյանքում ոչինչ չի փոխվում այն պարզ պատճառով, որ մենք չենք ուզում ինքներս փոխվել, որ այլ կարծիք, քան մերն է, չենք ուզում հանդուրժել, որ պետության ու պետականության մասին տարբեր կարծիքներ կարող են լինել՝ բոլորն էլ արժանի կյանքի կոչվելու։

Մենք չենք ունենալու պանծալի երկիր, քանի դեռ զենքով ու քանդելու գաղափարով զինված երկու կողմերն էլ հետ քայլ չեն արել, քանի որ հնարավոր չէ բարձր թռչել, եթե մի քայլ հետ չես գնացել։ Իսկ մեզ հիմա կենսականորեն անհրաժեշտ է թռչել, հակառակ դեպքում ճահիճը տանելու է ամեն ինչ, և մենք կորցնելու ենք ԱՄԵՆ ԻՆՉ․․․

Monday, July 18, 2016

Շիլա, որի բոլոր «բաղադրամասերն» իրար արժանի են

Այսօր Հայաստանում տիրող իրականությունը մատնանշում է խորքային ու տարիների հնություն ունեցող խնդիրների մասին։ Ակնհայտ է, որ անընդհատ թեթև «փոքսը բաց թողնելով»՝ չեն լուծվել հասարակության բազում խնդիրներ, որոնց մասին եղել են խոստումներ տարբեր առիթներով։ Ժողովուրդը ցասում է ապրում։ Ու սա իրական սթափեցնող ազդակ է որքան իշխանության, նույնքան ընդդիմության համար։
Տարիներ շարունակ իշխանությունը, ինչպես ամեն տեղ աշխարհում, արել է ամեն ինչ կազմաքանդելու համար ընդդիմությունը, որի գոյությունը կարևոր է պետականաշինության ճանապարհին։ Արդյունքում որպես ընդդիմություն՝ ունենք հիմնականում դրսի որևէ պետության շահը ներկայացնող մարդկանց ինչ-որ խումբ, որը թեև պահանջում է արդարություն և ժողովրդավարություն, սակայն իր գործողություններն արդար ու ժողովրդակավարական երբեք չես անվանի։ Տեսակային առումով ներկայիս ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը հավատ չեն ներշնչում։ Դրանք երկուսն էլ կռիվ են տալիս արևի տակ իրենց տեղի համար։ Եվ ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե սարսափելի չլիներ։
Ակնհայտ է, որ այսօրվա ընդդիմության ներկայացուցիչները, որ պարբերաբար տարբեր անուններով են հանդես գալիս, իրականում փորձում են ապացուցել, որ իշխանություններին «պահպանող» ոստիկանությունն այնքան թույլ օղակ է, որ հնարավոր է դրա կայաններից մեկը գրավել և օրենքի ներկայացուցիչներին էլ արդեն 2 օր շարունակ պատանդ պահել։ Այս ֆոնի վրա իշխանությունը փորձում է ամեն գնով ցույց տալ, որ ինքը շա՜տ համբերատար է, ու ոչ մեկին մատով չի դիպչի, քնաի դեռ կա բանակցելու հնարավորություն։ Սակայն մասսայական ապօրինություններ են տեղի ունենում բոլոր այն վայրերում, որոնց մասին կա ինֆորմացիա, թե ըմբոստ-«ապստամբների» հավաքատեղի են։ Ու մի մեծ կաթսայում շիլա է եփվում, որտեղ բոլոր «բաղադրամասերն» իրար արժանի են։ Իսկ ո՞վ է տուժում․․․
Ես անկեղծորեն ցավում եմ այն անհատների համար, ովքեր անկեղծ պայքարում են ու չունեն հետին մտքեր։ Ես անկեղծորեն ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր թեև ներքուստ զգում են բաղձալի փոփոխությունների կարիքը, սակայն քայլ հեռու չեն անի ֆեյբուքի էկրանից։ Վերջին խմբի համար հատկապես շատ եմ ցավում, քանի որ նրանք են և՛ աղմուկ առաջացնողները, և՛ աղմուկից բողոքողները։
Մի բան շատ հստակ է։ Հայաստանում լրջագույն և համակարգային փոփոխությունների կարիք կա։ Ժողովրդի բողոքն արհամարհելը լուծումը չէ։ Ակնհայտ է, որ մեր հասարակությունը տառապում է չլսված լինելու բարդույթով, որն իրականում դարերի պատմություն ունի և հատուկ է փոքր ազգերին։ Հենց այս բարդույթն է մարդկանց մղում հուսալքության, որտեղ թվացյալ «էլ ուրիշ ելք չկա»-ներ են ու ծայրահեղ քայլեր։ Նույն բարդույթն է ապացուցում նաև այն, որ «եթե դու ինձ հետ համակարծիք չես, ուրեմն թշնամի ես, իշխանությունների պատվերն ես կատարում, թուրք ես․․․»
Ես ուզում եմ ապրել ավելի պայծառ ու լավ Հայաստանում, ես ուզում եմ, որ իմ երեխաներն ու թոռներն էլ այստեղ ապրեն։ Ես իմ ներքին բարեփոխումն անում եմ ու ուզում եմ բոլորն էլ իրենցից սկսեն, որովհետև մինչև այդ չարաբաստիկ բարդույթը չհաղթահարենք, չենք փոխելու մեր երկիրը, կես բառ հակառակ ասողին էլ թշնամի ենք որակելու։
Հանգստացեք, հայե՛ր, մանավանդ նրանք, որ իրենց շարքերի նաիվ հայրենասերների հաշվին հեղափոխության իմիտացիա են անում։ Իմիտացիա, քանի որ նույնիսկ իրենք են համոզված, որ «գործը գլուխ չեն բերելու», քանի դեռ փողոցում մարդիկ այնքան չեն կուտակվում, որ կրիտիկական մասսա ձևավորվի։ Հո ոստիկանները ազգի կեսին չե՞ն կարողանալու պահել մարզադահլիճներում։ Եվ նույն «մահապարտները» կտրուկ քայլերի չեն գնում, քանի որ համոզված չեն, որ իրենց սկսածը լիարժեք ռեզոնանս կունենա։
Իսկ փողոցում ռեզոնանս ակնկալել դժվար է, եթե «Էլեկտրիկ Երևանի» ֆենոմենը չկրկնվի։ Իսկ այն, ամենայն հավանականությամբ, չի կրկնվի, որովհետև․
ա/ այս գործողությունն անմիջականորեն կապված չէ մասսաների գրպանի հետ, ինչպես «Էլեկտրիկում»։ Այնտեղ հստակ էր, դիպուկ։ Այս պարագայում մարդիկ նման ուղղակի վտանգ չեն զգում, այլ կերպ ասած, ինչպես տարիներ շարունակ աստիճանաբար սեղմվող գոտուն հարմարվել են՝ նեղությունը չգիտակցելով, այնպես էլ հիմա կշարունակեն,
բ/ իսպառ մարած է հավատը, թե ինչ-որ բան, այնուամենայնիվ, հնարավոր է փոխել։ Ընդդիմության պարբերական հիասթափեցնող գործողությունները մարդկանց ստիպում են իրենց խաբված զգալ։ Եվ քանի որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքը չէ, ամեն հաջորդ հանրահավքին շատ ավելի քիչ մարդ է միանում։ Ու ևս մի կարևոր բան, խարիզմատիկ լիդեր, ով կարող է, ի վիճակի է միավորել հանրությանը, պարզապես չկա։ Ժիրայր Սեֆիլյանից, իհարկե, փորձում են ստանալ այդպիսին, սակայն նրա ու նրա թիմակիցների կույր պնդումները, թե ով մեզ հետ չէ՝ թուրք է, իշխանամետ, ազգի դավաճան, իրականում երկրի համար ցավող մի մեծ զանգվածի իրենցից վանում են, իսկ լիդերն այդպես էլ անտեսանելի է մնում,

գ/ իշխանությունն  այսօր ամենախոշոր գործատուն է։ Սա ֆանտաստիկ ռեսուրս է։ Մարդիկ պարզապես չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը, քանի որ այսօր մեր երկրում դժվար է գումար աշխատելը։ Այդ պարագայում, նույնիսկ ամենադժգոհը լեզուն կկծի, մի քիչ էլ կզսպի, բայց չի բողոքի։
Այսպես կարելի է երկար շարունակել։ Մի բան ցավալիերոն ակնհայտ է։ Մեր գործերում, մեր մտքերում ու գաղափարներում մենք միասնական չենք, ինչը թույլ չի տալիս ձևավորել առողջ ընդդիմություն, որն անկաշառ է ու անկեղծ և պարզապես կենսականորեն անհրաժեշտ՝ որակյալ պետություն կառուցելու համար։

Friday, July 15, 2016

Քաղաքակրթությունների պատերազմ` հանուն ահագնացող վախի

Քաղաքակրթությունների պատերազմները, որոնք մեր աչքի առաջ են այսօր և եղել են միշտ, ոչ թե դրանց տարբերություններից են, այլ այդ մշակույթների յուրացումից, համընդհանուր շահի մասին «մոռանալուց», դիմացինի մեջ թշնամի տեսնելու մոլուցքից։

Իսկ ինչո՞ւ է հարմար թշնամի ունենալը։ Բանն այն է, որ կառավարման կապիտալիստական մոդելում հատկապես շատ ընդգծվեց վախի մթնոլորտով ճնշում գործադրելը։ Սա հայտնի մոդել է, որը կիրառվել է անհիշելի ժամանակներից։ Նաև հոգեբանական է, եթե մարդը որևէ բանից անտեղյակ է, չի պատկերացնում դրա գոյության կանոնները, նրա մոտ առաջանում է անբացատրելի վախ անհայտի հանդեպ։

Վախի միջոցով կառավարումը հակամարդասիրական է, բայց սա այն է, ինչ մենք տեսնում ենք ամեն օր։ Վախից քարացած մարդը, ով որպես կանոն հույսի նշույլ անգամ չունի, չի պատկերացնում, թե ինչպես կարող է լուծել բարդ խնդիրը։ Ու նոր բան փորձելու փոխարեն՝ խուճապի է մատնվում։

Հենց նման խուճապ առաջացնելու է ուղղված վախը հրահրելու ցանկացած փորձ՝ սկսած Նիսում (Ֆրանսիա) տեղի ունեցած ահաբեկչությունից, վերջացրած «ձայնս կտրեմ, թե չէ գործս կկորցնեմ» աքսիոմը, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։

Մենք այսօր ապրում ենք երբևէ եղած ամենասարսափելի ժամանակներում, որոնք ուղղված են վախի ահագնացող ծավալների աճին։ Ու այս ամենը տեղի է ունենում տեղեկատվության անհավանական հոսքերի ֆոնին, որոնք առաջին հերթին ստեղծում են խոսքի ազատության իմիտացիա, սակայն իրականում հմտորեն կառավարվում են, և մենք սովորաբար ստանում ենք այն տեղեկատվությունը, որը մեզ «կարելի է իմանալ»։

Բարդ է ապրել մի աշխարհում, որտեղ քեզ մշտապես փորձում են պահել վախի մթնոլորտում։ Սակայն հեշտ է, եթե գիտես, թե իրականում որտեղ են թաքնված խնդիրները․ քաղաքակրթությունների պատերազմները ոչ թե դրանց տարբերություններից են, այլ այդ մշակույթների յուրացումից, համընդհանուր շահի մասին «մոռանալուց», դիմացինի մեջ թշնամի տեսնելու մոլուցքից։



Monday, June 27, 2016

ggTaxi-i փորձի ու հայկական բիզնեսի պրոբլեմների մասին

Վերջին օրերին ggTaxi-ի շուրջ ձևավորված ինֆորմացիոն ֆոնը մի քանի ցայտուն փաստի մասին է խոսում։

Նախևառաջ, մենք համաշխարհային բիզնես մշակույթից ահագին սովորելու բան ունենք։ Հաղորդակցության հմտություններ, պրեզենտացիաներ իրականացնելու կարողություն և վերջապես բիզնեսի վարման պարզ, բայց շատ կարևոր կարողություն։ Ու սա ոչ թե «գրքային» մոտեցում է, այլ համաշխարհային լավագույն փորձը կիրառելու պարզ կանոն։ Բիզնեսը, ինչպես յուրաքանչյուր ապրող օրգանիզմ, ունի կենսափուլեր։ Մասնավորապես, կա նախնական՝ ստարտափ փուլ, որտեղ ամեն ինչ դեռ նոր է՝ փորձերով համեմված։ Երկրորդ փուլում բիզնեսն արդեն կայուն է, եղանակ ստեղծող, ասելիք ունեցող։ Հետագա փուլերի մանրամասները բաց թողնեմ ու անցնեմ վերջին՝ «սպինօֆֆ» էտապին, երբ աճած կազմակերպությունը հեռանում է մայր-կազմակերպությունից ու առանձին ճնապարհ սկսում։

Հիմա այստեղ ինչ կապ ունի ggTaxi-ին։ Դասական կանոնների համաձայն՝ այս հայկական ստարտափը գտնվում է կայացած բիզնեսի փուլում, որն իրականում ամենապատասպանատուն է, քանի որ քեզ լսում ու հետևում են քեզնից մանրները։ Ամեն քայլ, շարժում, որոշում կարող է կենսական կարևորություն ունենալ։ Թեև համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ ամենամեծ թվով անհաջողություններն ունեն ստարտափերը, բայց ամենացավոտ անկումները տեղի են ունենում առերես խաղաղ՝ կայացած փուլում։ Ահա այսպիսի իրավիճակում էր հայտնվել ggTaxi-ն, երբ ընդամենը 1 պրեզենտացիան բավարար էր՝ գահավիժման համար։ Ափսոս․․․

Էլի որպես ուսումնասիրության առարկա դիտարկելով ggTaxi-ին՝ ևս մի կարևոր բանի մասին խոսենք։ Մենք սարսափելի փոքր շուկա ենք, այստեղ ցանկացած ընկերություն կարող է ռեալիզացվել ընդամենը մի քանի ամսում՝ դե նորմալ պայմանների մասին է խոսքը։ Եվ երբ մեկն արդեն դոմինանտ դեր է ստանում, այդ նորմալ պայմանները ի չիք են դառնում։ Այդ իսկ պատճառով կայունության փուլին հասած ցանկացած կազմակերպություն անում է ամեն ինչ՝ «օլիգարխ դառնալու», այն է՝ շուկայում դոմինանտ մնալու համար։ Եվ ուրեմն, մենք բոլորովին պատրաստ չենք մրցակցության․․․

ggTaxi-ին, չլինելով օրիգինալ պրոդուկտ, կարողացել էր դոմինանտ դեր ստանձնել, սակայն պրիմիտիվ ձեռնարկատիրական գիտելիքի բացակայության պատճառներով սկսեց դիրքերը զիջել դեռ շուկա չմտած մրցակցին։ Թե՛ ggTaxi-ն, թե՛ Яндекс такси-ն նույն հարթակն են կիրառում, սակայն վերջինս իր ֆանտաստիկ ռեսուրսի շնորհիվ կարող է շատ արագ գրավել շուկան։ Սա շատ լավ հասկանում են ggTaxi-ում, նաև նրանց ֆինանսավորողները։ Եվ տղաների պանիկան դրա հետևանքն է։

Երկու հետևություն․մենք ձեռնարկատիրական մտքի զարգացման կարիք ունենք, ինչը թույլ կտա ժամանակին սփինօֆֆ լինել։ 2-րդ. ձեռնարկատիրության համար անհրաժեշտ է մի քիչ կոսմոպոլիտ լինել, հակառակ դեպքում ազգային-լոկալ միտքը թույլ չի տալիս գլոբալ մտածել։

Friday, May 27, 2016

Հայկական տնտեսություն. մարմին` առանց հոգու

Մարդիկ թուրքական ապրանքներ են գնում ոչ այն բանի համար, որ դրանք ավելի նորաձև են, հարմար կամ որևէ այլ պատճառով։ Դրանք պարզապես ավելի հասանելի են։ Եվ միշտ էլ այդպես է եղել․ եթե որևէ այլ չափանիշ չկա, որը կարող է ապրանքը մրցակցային դարձնել, կարևորվում է դրա արժեքը։
Սա քաղաքականություն է, որ բոլոր գրեթե բոլոր զարգացող պետություններն են որդեգրում։ Մրցակցային պայմաններում արա ամեն ինչ, որ առավել մոտ լինես ամենաորակյալ առաջարկին և դրա համար պահանջիր հնարավորինս քիչ գումար։ Սա մեխանիզմ է, որը հրաշալի աշխատում է թե՛ մակրո, թե՛ միկրո տնտեսության պարագայում։
Ես հայրենական արտադրանքի ջատագով եմ արդեն տարիներ ի վեր, բայց հստակ հասկանում եմ, որ հայրենասիրական էտուզիազմի վրա տնտեսություն կառուցելն անշնորհակալ գործ է։ Ավելին, եթե հասարակության գնողունակ հիմնական մասը հաշվում է յուրաքանչյուր դրամը ցանկացած գնում կատարելիս, ուրեմն կշեռքի նժարն ուղղվում է էժան ապրանքի կողմը։ Եվ վերջերս համացանցում տարածված նյութը, թե «հրաժավենք թուրքական արտադրանքից, քանի որ հայկականն ավելի նորաձև է» տեղին չէ, քանի որ թուրքականն ընտրում են ոչ թե նորաձևության, այլ էժանության համար։
Խնդիրը հասկանալի է, սակայն ինչպե՞ս և որտե՞ղ գտնել դրա լուծումը։ Սա իմ ամենասիրելի թեմաներից է։ Հայաստանում բիզնես դնելու հրաշալի հնարավորություններ կան։ Կոմերցիոն գործունեությամբ զբաղվող ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է ընդամենը 15 րոպե պետռեգիստրում (կարելի է նաև առցանց), մոտ կես ժամ հարկային տեսչությունում, մի կես ժամ էլ բանկում և ընդամենը 0 դրամ պետական մուծում։ Նման ֆանտաստիկ պայմաններ երևի թե գոյություն չունեն որևէ այլ երկրում։ Ուրեմն ինչն է պատճառը, որ Հայաստանում տնտեսությունը զարգանում է կրիայի քայլերով, եթե չասենք, որ ընդհանրապես չի զարգանում։ Մի կողմ թողնելով հարկային բեռն ու բիզնեսին հարակից բազում խնդիրները՝ պետք է ասել, որ մենք ստեղծել ենք շատ լավ բան (բիզնեսի աջակցման համար), սակայն չունենք ենթակառուցվածքներ, որոնք կարող են այդ լավ բանի շարժիչ ուժը լինել։ Այլ կերպ ասած, մարմինը կա, հոգին բացակայում է։ Թերևս հենց այս արտահայտությունն էլ բնորոշում է հայրենական տնտեսությունը, որտեղ ամեն ինչ կա, բացի հոգուց, գաղափարից․․․
Մեկ այլ բնորոշում, որ հաճախ են ասում հայկական բիզնեսի մասին, այն է, թե ամենալավը մենք առևտուր ենք անում ու սննդի օբյեկտ բացում։ Սա էլ (ներեցեք արտահայտությանս համար) տնտեսության ամենապրիմիտիվ ճյուղերն են, որտեղ շատ խելք պետք չէ, որտեղ գրեթե ամեն ինչ՝ բացառությամբ մարդկային հարաբերությունների, մեխանիկական ու ավտոմատացված է։ Հասկանալի է նաև, որ այս ճյուղերն են զարգանում, քանի որ դրանք արագ շրջանառություն են ապահովում, ինչն էլ հավանաբար կախված է Հայաստանում բիզնես անելու բարձր ռիսկայնության հետ։ Ու որպես այս ամենի տրամաբանական շարունակություն՝ հայաստանյան բիզնեսում գրեթե բացակայում է միջնաժամկետ պլանավորումը, իսկ երկարաժամկետ պլանավորման մասին անգամ խոսք լինել չի կարող։ Ու փաստ․ հայկական բիզնեսը քարշ է տալիս գոյությունը՝ ինչպես մարմինն առանց հոգու․․․

Monday, May 16, 2016

«Բոբո ձյաձյա»-ի միֆի բացահայտումը

Ես շատ երկար մտածում էի այն մասին, թե ինչն է պատճառը, որ Հայաստանում այդքան հաճախ են մեղադրում այս կամ այն արտաքին ուժին՝ ներհայաստանյան խնդիրների մեջ։ Ընդ որում՝ ձևավորված է երկու բանակ, որոնցից առաջինն «ակնհայտ» ուղղորդող ունի՝ Ռուսաստանը, իսկ երկրորդը՝ ոչ։ Կամ ավելի ճիշտ, ունի, սակայն հստակ դեմք չունի։
Նախապես ասեմ, որ խորապես համոզված եմ, որ հայկական և համահայկական խնդիրների լուծում տեսնում եմ բացառապես ներքին ուժերի միավորման, կարողությունների համադրման և նորարարական մտածողության կիրառության պարագայում, իսկ արտաքին ազդակները դիտարկում եմ՝ որպես բացառապես «մեղքն ուրիշի վզին գցելու» մոտեցում։ Եվ ուրեմն․․․
Ձեռնարկատիրության արևտմյան տեսությունն ու պրակտիկան ապացուցում են, որ գոյություն ունի այսպես կոչված «երկար պոչ», որի պարագայում «գլուխը» թվացյալ ամենամեծ եկամուտ բերողն է, ուրեմն նաև ամենատեսանելին, իսկ ահա «երկար պոչը», որը բազմաթիվ մանր-մունր ծառայությունների և ապրանքների ամբողջություն է, որն իրականում ամենամեծ եկամուտն է ապահովում։ Սա հատկապես տեսանելի է առցանց բիզնեսների պարագայում։ Հիմա՝ ինչ կապ ունի «երկար պոչը» «բոբո ձյաձյա»-ի հետ։
Բանն այն է, որ թվացյալ թշնամու երևացող մասը, որը, համաձայն «երկար պոչի» կոնցեպցիայի, ավելի փոքր ազդեցություն ունի, ամբողջական է, ունի մեկ հստակ դեմք, իսկ ահա «պոչի» հատվածը մասնատում է վտանգները, դրանք արատաքինից ավելի նվազ ազդեցիկ դարձնում, սակայն երբ այդ փոքրիկ վտանգները միավորվում են, շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան «գլուխը»։
Մի կողմ թողնելով իրար հետ հակազդեցության մեջ եղած ռուսական և արևմտյան քարոզչամեքենաների պրոպագանդայի ազդեցությունը՝ փաստենք, որ որպես առանձնակի («գլուխ») վտանգ, ներկայացվում է ռուսական կողմը (հայկական իրականությունում), երբ արևմտյան «բանակի» մասնատվածությունը չի գիտակցվում՝ դրա միասնական հանդես չգալու պատճառով, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի նվազեցնում դրանից տարածվող ահռելի վտանգը։
Ուստի, նույն արևմտյան տեսության շրջանակներում քննարկվող «երկար պոչը» ակնհայտ և հրաշալի կերպով օգտագործվում է ոչ միայն տնտեսությունում, այլ նաև քաղաքական հարցերում։

Որպես ամփոփում միայն ասեմ, որ «բոբո ձյաձյաներ»-ն այնքան էլ սարսափելի չեն, եթե դրանց ազդեցությունն արժանանում է ներքին հակազդեցության, ինչը հայերիս պարագայում միասնության և ուժերի համատեղման միջոցով է հնարավոր։ Եվ այս գործընթացին որևէ արտաքին ուժ՝ լինի դա «գլուխ», թե «երկար պոչ», չի կարող խոչընդոտել, եթե դրանց ազդեցության տակ ընկնող չկա։

Friday, May 13, 2016

Դաժան իրականություն՝ դաժան «մրցակցության» պայմաններում

Կապիտաիզմը լավ բան է, եթե դրա գործիքները ճիշտ ես կիրառում։ Ու դրա, թերևս, ամենակարևոր առավելությունը մրցակցությունն է։ Պետք չէ հեռու գնալ։ Մեր բոլոր հարցերի պատասխանները գոյություն ունեն ու շատ արդյունավետ աշխատում են բնության մեջ։ Ահա այսպես, ամեն րոպե կարելի է տեսնել պայքար ու մրցակցություն, որտեղ բնական ընտրության արդյունքում մնում են հզորները՝ ապահովելով գենետիկ բարելավում։ Դաժան է, մի կողմից, մյուս կողմից, նույն բնությունն այնքան խելացի է, որ թույլերի ու ուժեղների բալանս է ստեղծում՝ ոչ թե ուժեղներին է՛լ ավելի հզորացնելու, այլ մրցակցությունն ապահովելու համար։
Հիմա եթե բնության այս թանկարժեք դասը դիտարկենք տնտեսության մեջ, կտեսնենք հետևյալ պատկերը․ստեղծվում են հզոր կազմակերպություններ, որոնք ամեն դեպքում իրենց որոշ ֆունկցիաներ հանձնում են մանր ու միջին ընկերություններին, ինչի արդյունքում կորպորացիաներն ավելի են ուժեղանում, իսկ ավելի փոքր ընկերությունների մեջ այնպիսի մրցակցություն է ստեղծվում, որ միջին շերտից նույնպես հզորներ են աճում՝ «բնական ընտրության» արդյունքում։
Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Հռետորական հարց։ Ուժեղներն ամեն կերպ ճնշում են թույլերին, հզորացնում իրենց դիրքերը՝ արդյունքում մնալով միակ խաղացողը։ Բայց չէ՞ որ նույնիսկ տնտեսության պլանավորման հարցում պետք է տարբեր ժամկետայնության նպատակներ դնել։ Ու եթե այս համատեքստում դիտարկենք տնտեսությունը, կստացվի, որ խոշոր ընկերություններն ունեն առավել երկարաժամկետ գործառույթ, ուրեմն նաև դանդաղ, բայց խոշոր ֆինանսական շրջանառություն, իսկ մանր ու միջին բիզնեսը՝ միջնաժամկետ ու կարճաժամկետ, ուրեմն նաև գումարի փոքր, բայց արագ շարժ։
Պետք չէ տնտեսագետ լինել, որ հասկանաս, որ տնտեսության զարգացման տեսանկյունից կանխիկի արագ շարժ ապահովող ընկերություններն ունեն կենսական նշանակություն, քանի որ հենց փողի շարժի արդյունքում է, որ տնտեսությունում էլ է շարժ լինում՝ դրական իմաստով։ Եվ ուրեմն ինչո՞ւ է Հայաստանի տնտեսությունն այսքան տխրահռչակ վիճակում։
Ինչո՞ւ է Հայաստանում, որտեղ կազմակերպություն կարելի է գրանցել ընդամենը կես ժամում, առանց ավելորդ քաշքշուքի ու պարկտիկորեն 0 պետական մուծումներով, փակվում մանր ու միջին բիզնեսը։ Ասել, թե դա հարկային ծանր բեռի հետ է կապված, ճիշտ չի լինի։ Հայաստանից շատ ավելի ծանր բեռ առաջացնող պետություններ էլ կան, որտեղ բիզնեսը բուռն ծաղկում է ապրում։ Կապել ամեն ինչ փոքր շուկայի հետ, նույնպես արդարացի չի լինի։ Ասել, թե օլիգարխները գրավել են բոլոր ոլորտները, պարզապես անմտություն է, քանի որ օլիգարխներին պատկանող բիզնեսների մեծամասնությունը նորարարական տարր չի պարունակում, ինչն էլ մանր ու միջին բիզնեսի բնութագրիչներից է։ Բա ինչն է պատճառը․․․

Թեև սա շատ ավելի երկար քննարկման թեմա է, բայց սահմանափակվեմ նրանով, որ մենք պարզապես չունենք ենթակառուցվածքներ կամ գրեթե չունենք, չունենք միջավայր ու ամենակարևորը չունենք առողջ մրցակցություն։ Բայց սա իսկապես ավելի երկար զրույցի թեմա է, որին կանդրադառնամ անպայման ու շատ շուտով։