Friday, May 27, 2016

Հայկական տնտեսություն. մարմին` առանց հոգու

Մարդիկ թուրքական ապրանքներ են գնում ոչ այն բանի համար, որ դրանք ավելի նորաձև են, հարմար կամ որևէ այլ պատճառով։ Դրանք պարզապես ավելի հասանելի են։ Եվ միշտ էլ այդպես է եղել․ եթե որևէ այլ չափանիշ չկա, որը կարող է ապրանքը մրցակցային դարձնել, կարևորվում է դրա արժեքը։
Սա քաղաքականություն է, որ բոլոր գրեթե բոլոր զարգացող պետություններն են որդեգրում։ Մրցակցային պայմաններում արա ամեն ինչ, որ առավել մոտ լինես ամենաորակյալ առաջարկին և դրա համար պահանջիր հնարավորինս քիչ գումար։ Սա մեխանիզմ է, որը հրաշալի աշխատում է թե՛ մակրո, թե՛ միկրո տնտեսության պարագայում։
Ես հայրենական արտադրանքի ջատագով եմ արդեն տարիներ ի վեր, բայց հստակ հասկանում եմ, որ հայրենասիրական էտուզիազմի վրա տնտեսություն կառուցելն անշնորհակալ գործ է։ Ավելին, եթե հասարակության գնողունակ հիմնական մասը հաշվում է յուրաքանչյուր դրամը ցանկացած գնում կատարելիս, ուրեմն կշեռքի նժարն ուղղվում է էժան ապրանքի կողմը։ Եվ վերջերս համացանցում տարածված նյութը, թե «հրաժավենք թուրքական արտադրանքից, քանի որ հայկականն ավելի նորաձև է» տեղին չէ, քանի որ թուրքականն ընտրում են ոչ թե նորաձևության, այլ էժանության համար։
Խնդիրը հասկանալի է, սակայն ինչպե՞ս և որտե՞ղ գտնել դրա լուծումը։ Սա իմ ամենասիրելի թեմաներից է։ Հայաստանում բիզնես դնելու հրաշալի հնարավորություններ կան։ Կոմերցիոն գործունեությամբ զբաղվող ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է ընդամենը 15 րոպե պետռեգիստրում (կարելի է նաև առցանց), մոտ կես ժամ հարկային տեսչությունում, մի կես ժամ էլ բանկում և ընդամենը 0 դրամ պետական մուծում։ Նման ֆանտաստիկ պայմաններ երևի թե գոյություն չունեն որևէ այլ երկրում։ Ուրեմն ինչն է պատճառը, որ Հայաստանում տնտեսությունը զարգանում է կրիայի քայլերով, եթե չասենք, որ ընդհանրապես չի զարգանում։ Մի կողմ թողնելով հարկային բեռն ու բիզնեսին հարակից բազում խնդիրները՝ պետք է ասել, որ մենք ստեղծել ենք շատ լավ բան (բիզնեսի աջակցման համար), սակայն չունենք ենթակառուցվածքներ, որոնք կարող են այդ լավ բանի շարժիչ ուժը լինել։ Այլ կերպ ասած, մարմինը կա, հոգին բացակայում է։ Թերևս հենց այս արտահայտությունն էլ բնորոշում է հայրենական տնտեսությունը, որտեղ ամեն ինչ կա, բացի հոգուց, գաղափարից․․․
Մեկ այլ բնորոշում, որ հաճախ են ասում հայկական բիզնեսի մասին, այն է, թե ամենալավը մենք առևտուր ենք անում ու սննդի օբյեկտ բացում։ Սա էլ (ներեցեք արտահայտությանս համար) տնտեսության ամենապրիմիտիվ ճյուղերն են, որտեղ շատ խելք պետք չէ, որտեղ գրեթե ամեն ինչ՝ բացառությամբ մարդկային հարաբերությունների, մեխանիկական ու ավտոմատացված է։ Հասկանալի է նաև, որ այս ճյուղերն են զարգանում, քանի որ դրանք արագ շրջանառություն են ապահովում, ինչն էլ հավանաբար կախված է Հայաստանում բիզնես անելու բարձր ռիսկայնության հետ։ Ու որպես այս ամենի տրամաբանական շարունակություն՝ հայաստանյան բիզնեսում գրեթե բացակայում է միջնաժամկետ պլանավորումը, իսկ երկարաժամկետ պլանավորման մասին անգամ խոսք լինել չի կարող։ Ու փաստ․ հայկական բիզնեսը քարշ է տալիս գոյությունը՝ ինչպես մարմինն առանց հոգու․․․

Monday, May 16, 2016

«Բոբո ձյաձյա»-ի միֆի բացահայտումը

Ես շատ երկար մտածում էի այն մասին, թե ինչն է պատճառը, որ Հայաստանում այդքան հաճախ են մեղադրում այս կամ այն արտաքին ուժին՝ ներհայաստանյան խնդիրների մեջ։ Ընդ որում՝ ձևավորված է երկու բանակ, որոնցից առաջինն «ակնհայտ» ուղղորդող ունի՝ Ռուսաստանը, իսկ երկրորդը՝ ոչ։ Կամ ավելի ճիշտ, ունի, սակայն հստակ դեմք չունի։
Նախապես ասեմ, որ խորապես համոզված եմ, որ հայկական և համահայկական խնդիրների լուծում տեսնում եմ բացառապես ներքին ուժերի միավորման, կարողությունների համադրման և նորարարական մտածողության կիրառության պարագայում, իսկ արտաքին ազդակները դիտարկում եմ՝ որպես բացառապես «մեղքն ուրիշի վզին գցելու» մոտեցում։ Եվ ուրեմն․․․
Ձեռնարկատիրության արևտմյան տեսությունն ու պրակտիկան ապացուցում են, որ գոյություն ունի այսպես կոչված «երկար պոչ», որի պարագայում «գլուխը» թվացյալ ամենամեծ եկամուտ բերողն է, ուրեմն նաև ամենատեսանելին, իսկ ահա «երկար պոչը», որը բազմաթիվ մանր-մունր ծառայությունների և ապրանքների ամբողջություն է, որն իրականում ամենամեծ եկամուտն է ապահովում։ Սա հատկապես տեսանելի է առցանց բիզնեսների պարագայում։ Հիմա՝ ինչ կապ ունի «երկար պոչը» «բոբո ձյաձյա»-ի հետ։
Բանն այն է, որ թվացյալ թշնամու երևացող մասը, որը, համաձայն «երկար պոչի» կոնցեպցիայի, ավելի փոքր ազդեցություն ունի, ամբողջական է, ունի մեկ հստակ դեմք, իսկ ահա «պոչի» հատվածը մասնատում է վտանգները, դրանք արատաքինից ավելի նվազ ազդեցիկ դարձնում, սակայն երբ այդ փոքրիկ վտանգները միավորվում են, շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան «գլուխը»։
Մի կողմ թողնելով իրար հետ հակազդեցության մեջ եղած ռուսական և արևմտյան քարոզչամեքենաների պրոպագանդայի ազդեցությունը՝ փաստենք, որ որպես առանձնակի («գլուխ») վտանգ, ներկայացվում է ռուսական կողմը (հայկական իրականությունում), երբ արևմտյան «բանակի» մասնատվածությունը չի գիտակցվում՝ դրա միասնական հանդես չգալու պատճառով, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի նվազեցնում դրանից տարածվող ահռելի վտանգը։
Ուստի, նույն արևմտյան տեսության շրջանակներում քննարկվող «երկար պոչը» ակնհայտ և հրաշալի կերպով օգտագործվում է ոչ միայն տնտեսությունում, այլ նաև քաղաքական հարցերում։

Որպես ամփոփում միայն ասեմ, որ «բոբո ձյաձյաներ»-ն այնքան էլ սարսափելի չեն, եթե դրանց ազդեցությունն արժանանում է ներքին հակազդեցության, ինչը հայերիս պարագայում միասնության և ուժերի համատեղման միջոցով է հնարավոր։ Եվ այս գործընթացին որևէ արտաքին ուժ՝ լինի դա «գլուխ», թե «երկար պոչ», չի կարող խոչընդոտել, եթե դրանց ազդեցության տակ ընկնող չկա։

Friday, May 13, 2016

Դաժան իրականություն՝ դաժան «մրցակցության» պայմաններում

Կապիտաիզմը լավ բան է, եթե դրա գործիքները ճիշտ ես կիրառում։ Ու դրա, թերևս, ամենակարևոր առավելությունը մրցակցությունն է։ Պետք չէ հեռու գնալ։ Մեր բոլոր հարցերի պատասխանները գոյություն ունեն ու շատ արդյունավետ աշխատում են բնության մեջ։ Ահա այսպես, ամեն րոպե կարելի է տեսնել պայքար ու մրցակցություն, որտեղ բնական ընտրության արդյունքում մնում են հզորները՝ ապահովելով գենետիկ բարելավում։ Դաժան է, մի կողմից, մյուս կողմից, նույն բնությունն այնքան խելացի է, որ թույլերի ու ուժեղների բալանս է ստեղծում՝ ոչ թե ուժեղներին է՛լ ավելի հզորացնելու, այլ մրցակցությունն ապահովելու համար։
Հիմա եթե բնության այս թանկարժեք դասը դիտարկենք տնտեսության մեջ, կտեսնենք հետևյալ պատկերը․ստեղծվում են հզոր կազմակերպություններ, որոնք ամեն դեպքում իրենց որոշ ֆունկցիաներ հանձնում են մանր ու միջին ընկերություններին, ինչի արդյունքում կորպորացիաներն ավելի են ուժեղանում, իսկ ավելի փոքր ընկերությունների մեջ այնպիսի մրցակցություն է ստեղծվում, որ միջին շերտից նույնպես հզորներ են աճում՝ «բնական ընտրության» արդյունքում։
Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Հռետորական հարց։ Ուժեղներն ամեն կերպ ճնշում են թույլերին, հզորացնում իրենց դիրքերը՝ արդյունքում մնալով միակ խաղացողը։ Բայց չէ՞ որ նույնիսկ տնտեսության պլանավորման հարցում պետք է տարբեր ժամկետայնության նպատակներ դնել։ Ու եթե այս համատեքստում դիտարկենք տնտեսությունը, կստացվի, որ խոշոր ընկերություններն ունեն առավել երկարաժամկետ գործառույթ, ուրեմն նաև դանդաղ, բայց խոշոր ֆինանսական շրջանառություն, իսկ մանր ու միջին բիզնեսը՝ միջնաժամկետ ու կարճաժամկետ, ուրեմն նաև գումարի փոքր, բայց արագ շարժ։
Պետք չէ տնտեսագետ լինել, որ հասկանաս, որ տնտեսության զարգացման տեսանկյունից կանխիկի արագ շարժ ապահովող ընկերություններն ունեն կենսական նշանակություն, քանի որ հենց փողի շարժի արդյունքում է, որ տնտեսությունում էլ է շարժ լինում՝ դրական իմաստով։ Եվ ուրեմն ինչո՞ւ է Հայաստանի տնտեսությունն այսքան տխրահռչակ վիճակում։
Ինչո՞ւ է Հայաստանում, որտեղ կազմակերպություն կարելի է գրանցել ընդամենը կես ժամում, առանց ավելորդ քաշքշուքի ու պարկտիկորեն 0 պետական մուծումներով, փակվում մանր ու միջին բիզնեսը։ Ասել, թե դա հարկային ծանր բեռի հետ է կապված, ճիշտ չի լինի։ Հայաստանից շատ ավելի ծանր բեռ առաջացնող պետություններ էլ կան, որտեղ բիզնեսը բուռն ծաղկում է ապրում։ Կապել ամեն ինչ փոքր շուկայի հետ, նույնպես արդարացի չի լինի։ Ասել, թե օլիգարխները գրավել են բոլոր ոլորտները, պարզապես անմտություն է, քանի որ օլիգարխներին պատկանող բիզնեսների մեծամասնությունը նորարարական տարր չի պարունակում, ինչն էլ մանր ու միջին բիզնեսի բնութագրիչներից է։ Բա ինչն է պատճառը․․․

Թեև սա շատ ավելի երկար քննարկման թեմա է, բայց սահմանափակվեմ նրանով, որ մենք պարզապես չունենք ենթակառուցվածքներ կամ գրեթե չունենք, չունենք միջավայր ու ամենակարևորը չունենք առողջ մրցակցություն։ Բայց սա իսկապես ավելի երկար զրույցի թեմա է, որին կանդրադառնամ անպայման ու շատ շուտով։

Tuesday, May 10, 2016

Որտեղ է սահմանը


Մայիսի առաջին շաբաթը հագեցած է լրագրողների համար օրացուցային կարմիր օրերով՝ մամուլի ազատության, ռադիոյի օր և այլն։ Ու իրականում անհրաժեշտ է արժանին մատուցել «չորրորդ իշխանության» առաջամարտիկներին, ովքեր ամենածանր պայմաններում անգամ անում են ամեն ինչ՝ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացման համար։ Բայց որտե՞ղ է այն սահմանը, որն ազատությունն այլասերության հետ չի մեկտեղում կամ չի ոտնահարում մեկ ուրիշի ազատությունը, իսկ որ ավելի արդիական (ու վատ) է՝ չի հրահրում իրավիճակի անիմաստ լարում։

Ես հավատացած եմ, որ բացարձակ ճշմարտություններ, ու այս պարագայում բացարձակ լրագրություն ու դրա ազատություն չեն կարող լինել։ Չէ՞ որ գրողը մարդ է՝ իր անձնական հետաքրքրություններով ու շահերով։ Էլ չասեմ այն դեպքերի մասին, երբ այդ շահերն էլ թելադրվում են պատվիրատուների՝ գովազդատուների կողմից։ Եվ ուրեմն, ամեն կարդացած չէ, որ ներկայացնում է իրականությունը։ Եվ ուրեմն նաև պետք է ցանկացած լրատվության վերապահումով մոտենալ։

Այդ դեպքում ո՞ւր կորավ «չորրորդ իշխանության» անաչառությունը․․․
Անձամբ ինձ համար առնվազն տարօրինակ են այն ժուռնալիստները, ովքեր ամեն կերպ «բզբզում են», որ իրենց հայհոյեն, «տհաճ» պատասխան տան կամ այնպիսի բան ասեն, որ իրենց «հերոսացած» զգան։

Մի կողմ թողնելով կանխակալ վերաբերմունքը՝ ասեք, խնդրեմ, ինչո՞ւ բանը պետք է հասնի ակնհայտ վիրավորական խոսքերին, որ հարցը քննվի ԱԺ Էթիկայի հանձնաժողովում։ Մի հայտնի ժուռնալիստ ընկեր ունեմ, միշտ նա է ասում․ «Ինչպիսի հարց ենք տալիս, այնպիսի պատասխան ենք ստանում»։ Կրկին, չանցնելով անձանց ու անհատների աշխարհայացքի քննությանը, բայց եկեք պատկերն ավելի ընդարձակ դիտարկենք։ Այս ինչպիսի՞ հարց պիտի մարդ ստանա, որ «ակնհայտ վիրավորական արտահայտությամբ» պատասխան ստանա։

Լավ, էլի հասկանանք, որ լրագրողներն ամեն կերպ պայքարում են, որ իմ տեղեկացված լինելու իրավունքն իրացվի։ Բայց ինձ հարցրե՞լ են՝ ես ուզո՞ւմ եմ այդպիսի տեղեկատվություն։ Ես ուզո՞ւմ եմ, արդյոք, հրահրող լրագրողի հրահրված պատասխան կարդալ սոցցանցերի իմ էջերում, որին երբեք չեմ վստահելու, քանի այն, միևնույն է, կանխակալ է։ Արդյո՞ք այսօրվա լրագրողը գիտակցում է, որ իր աշխատանքի արդյունքը, որի անմիջական սպառողն եմ ես, չի ուզում հերյուրանք կարդալ, քանի որ փնտրելու է իր ուզած ինֆորմացիան։

Այո՛, շատ դեպքեր կան, երբ լրագրողական խիզախության ու բազմակողմանիության արդյունքում երկրների ու մարդկանց ճակատագրեր են փոխվում, երբ անելանելի թվացող իրավիճակում հույսի լույս է ճառագում։ Սակայն, ի՞նչ լույսի այն լրագրության մեջ, որի ներկայացուցիչն ամեն ինչ անում է, որ իրեն հայհոյեն, որ պսևդոբացահայտում անի, որ այնպիսի հարց տա, որի պատասխանն «ակնհայտ վիրավորական արտահայտություն» լինի․․․

Չեմ ուզում այսկերպ իրացնել իմ տեղեկացված լինելու իրավունքը։

Իմ հաղթանակների մայիսը

Ես մայիսի 9-ը հիշում եմ։ Այն մայիսի 9-ը, երբ կիսամութ սենյակում, որտեղ վառվում էր 12 վոլտանոց մի լամպ՝ միացված հին մարտկոցին, ու անվերջ միացված էր ռադիոընդունիչը՝ պարբերաբար տրվող լրատվությամբ այն մասին, թե ինչ իրավիճակ է առաջնագծում։ Հիշում եմ գարնանային անուշ կանաչը, որն այդ օրվանից դաջվեց հիշողությանս մեջ՝ որպես հաղթանակը խորհրդանշող, զարթոնք ապրեցնող գույն․․․
Մինչև ուշ գիշեր ռադիոընդունիչից եկող ինֆորմացիան՝ անհստակ ու կցկտուր, այդպես էլ ոչինչ չասաց, որպեսզի օրը բացվի, բարին էլ հետը։ Ու բացվեց օրը․․․ իմ մանկական ներաշխարհը տակնուվրա եղավ, այն ժամանակ լիարժեք չգիտակցված լուրի կարևորությունից։ 
«Շուշին վերցրինք․․․». «Ծնունդդ շնորհավոր»-ի պես հնչող այդ փառահեղ բառակապակցությունը մեկընդմիշտ դրոշմվեց իմ ու ինձ նման բազում երեխաների անձի ձևավորման ճանապարհին։ Ճանապարհ, որը բեկում ու զիջում հասկացություններն ուղարկեց գրողի ծոցը՝ նույնիսկ լիարժեք չգիտակցված լինելու պարագայում։ Այդ օրը դպրոցում, բակում, պարզապես իրար հետ շփվելիս բոլորը նույնն էին ասում՝ «Շուշին վերցրինք», ու այնպիսի հպարտությամբ, հավաքականության այնպիսի ապրումով, ինչը մինչ այդ երբեք չէի տեսել, նույնիսկ 88-ի հանրահավաքների ժամանակ։
Անցան տարիներ։ Ու թեև խոնարհումս պապիս սխրանքների առաջ Մեծ հայրենականի տարիներին չի նվաստանում, բայց Շուշին վերցրել ենք․․․ Ես մաշկիս վրա եմ զգացել դա, ես աչքերովս եմ տեսել դա, ես զգացել եմ հաղթանակի հոտը՝ մայիսյան կանաչից, որը վաղ առավոտյան արևի ճառագայթներից աստվածային ոսկեզօծում էր ստացել։ Դա ի՛մ մայիսն է, ի՛մ գոյության գրավականը, ի՛մ ապրելու առհավատչյան․․․
Մայիսի 9-ին, Շուշիից բացի, մեր ծնողները վերադարձրել են ապրելու (ի հակադրություն գոյատևելու) մեր իրավունքը, մեր սերնդին հնարավորություն են տվել վայելելու երկնքի ու երկրի խաղաղությունը, ունենալ հաղթողի ու ոչ երբեք «վիզը ծռած» ստրուկի հոգեվիճակ։

Ու սա է ինձ համար մայիսի 9-ը։ Խորհրդանշական օր, որը բացում է իմ ու ձեր հաղթանակների մայիսը։