Tuesday, May 10, 2016

Իմ հաղթանակների մայիսը

Ես մայիսի 9-ը հիշում եմ։ Այն մայիսի 9-ը, երբ կիսամութ սենյակում, որտեղ վառվում էր 12 վոլտանոց մի լամպ՝ միացված հին մարտկոցին, ու անվերջ միացված էր ռադիոընդունիչը՝ պարբերաբար տրվող լրատվությամբ այն մասին, թե ինչ իրավիճակ է առաջնագծում։ Հիշում եմ գարնանային անուշ կանաչը, որն այդ օրվանից դաջվեց հիշողությանս մեջ՝ որպես հաղթանակը խորհրդանշող, զարթոնք ապրեցնող գույն․․․
Մինչև ուշ գիշեր ռադիոընդունիչից եկող ինֆորմացիան՝ անհստակ ու կցկտուր, այդպես էլ ոչինչ չասաց, որպեսզի օրը բացվի, բարին էլ հետը։ Ու բացվեց օրը․․․ իմ մանկական ներաշխարհը տակնուվրա եղավ, այն ժամանակ լիարժեք չգիտակցված լուրի կարևորությունից։ 
«Շուշին վերցրինք․․․». «Ծնունդդ շնորհավոր»-ի պես հնչող այդ փառահեղ բառակապակցությունը մեկընդմիշտ դրոշմվեց իմ ու ինձ նման բազում երեխաների անձի ձևավորման ճանապարհին։ Ճանապարհ, որը բեկում ու զիջում հասկացություններն ուղարկեց գրողի ծոցը՝ նույնիսկ լիարժեք չգիտակցված լինելու պարագայում։ Այդ օրը դպրոցում, բակում, պարզապես իրար հետ շփվելիս բոլորը նույնն էին ասում՝ «Շուշին վերցրինք», ու այնպիսի հպարտությամբ, հավաքականության այնպիսի ապրումով, ինչը մինչ այդ երբեք չէի տեսել, նույնիսկ 88-ի հանրահավաքների ժամանակ։
Անցան տարիներ։ Ու թեև խոնարհումս պապիս սխրանքների առաջ Մեծ հայրենականի տարիներին չի նվաստանում, բայց Շուշին վերցրել ենք․․․ Ես մաշկիս վրա եմ զգացել դա, ես աչքերովս եմ տեսել դա, ես զգացել եմ հաղթանակի հոտը՝ մայիսյան կանաչից, որը վաղ առավոտյան արևի ճառագայթներից աստվածային ոսկեզօծում էր ստացել։ Դա ի՛մ մայիսն է, ի՛մ գոյության գրավականը, ի՛մ ապրելու առհավատչյան․․․
Մայիսի 9-ին, Շուշիից բացի, մեր ծնողները վերադարձրել են ապրելու (ի հակադրություն գոյատևելու) մեր իրավունքը, մեր սերնդին հնարավորություն են տվել վայելելու երկնքի ու երկրի խաղաղությունը, ունենալ հաղթողի ու ոչ երբեք «վիզը ծռած» ստրուկի հոգեվիճակ։

Ու սա է ինձ համար մայիսի 9-ը։ Խորհրդանշական օր, որը բացում է իմ ու ձեր հաղթանակների մայիսը։

No comments:

Post a Comment