Monday, April 25, 2016

Թղթե շերեփի ու ապագայի մասին

Մի դարում, երբ զենքն այլևս պատերազմում չի հաղթում, սակայն պակաս կարևոր չէ ինֆորմացիոն հարթակներում մարտնչելու համար, մենք շարունակում ենք կառչել դեռևս 1 դար առաջ անօգուտ հռչակված «թղթե շերեփից»․․․
Ես ցեղասպանություն վերապրածի ժառանգ եմ, մեր տանն անվերջ խոկուն լռություն է եղել ապրիլի 24-ներին։ Պապիս շուրթերից կախարդանքի պես էին հնչում իր հորից լսած պատմությունների ծվենները, կախարդանք, քանի որ այդ թեման միշտ փակ էր․․․
Փոխարենը պատգամ կար ամեն հայացքում, ժեստում ու գործում։ Արարե՛լ, արարե՜լ մինչև վերջին շունչը։ Արարե՜լ՝ հանուն ապագայի, սերնդի, ով Արարատի պես պարզ ճակատով վաղը կերտելու է ազատ, անկախ, ինքնաբավ երկիր, որտեղ կրթության ու սերնդի մեջ՝ դեռ չծնված, ներդնում են ոչ թե գոյատևման, այլ ստեղծելու միտքը, ոչ թե լալու, այլ խրոխտ կանգնելու, ոչ թե ծպտվելու, այլ զարմացնելու, ոչ թե թղթե շերեփի, այլ բոլոր ասպարեզներում գերազանցության գենը․․․
Գենը, որի ֆանտաստիկ դրսևորումներից ինքներս ենք ապուշ կտրում, ուր մնաց օտարները։ Այն գենը, որը դարերի խորքից մերժել է պրիմիտիվ առուծախի մոդելը՝ գնալով նոր բան կերտելու դժվարին ճանապարհով։
Հիմա, երբ գիտակցում եմ թղթե շերեփի անօգուտ լինելը, երբ հասկանում եմ, որ հաղթանակի ճանապարհից ազգովի հեռացել ենք իրոք, փորձում եմ վերադառնալ ակունքներիս, որտեղ հենց այդ նույն գենը քեզնից անկախ քեզ ճիշտ ճանապարհով է տանում։ Երբ նույնիսկ օրորոցայինի հնչյունն ու բառը ուղերձ են ենթագիտակցությանը, պարի շարժումը՝ ֆիզիկական պատրաստվածության երաշխիք։ Ու պարտադիր չէ, որ գիտակցես, թե ինչի համար ես դա անում։ Բայց անհրաժեշտ է գիտակցության բարձր լարումով դա անել, ոչ ինքնահոսի, ոչ ինքնանպատակ․․․
Ու այս գենից հեռացումն է, որ դարձավ իմ պապերի՝ իրենց ու ԻՄ պատմական հայրենիքից արտագաղթի պատճառը։ Ոչ այն բանի պատճառով, որ նրանք հայկական առանցքային մշակույթի կրողը չէին, բոլորովին, այլ այն, որ մոռացել էին, որ իսկական հայը կրում էր ստեղծելու միտքը, ոչ թե լալու, այլ խրոխտ կանգնելու կարողությունը, ապրում էր ոչ թե ծպտվելով, այլ զարմացնելով, ոչ թե թղթե շերեփին հույսը դնելով, այլ բոլոր ասպարեզներում գերազանցության գենը սերմանելով․․․
Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից շատերն են պատմում, որ իրենց նախնիները՝ իմ պապի պես, զուսպ լռության էին մատնում գաղթի ու կոտորածի մասին հարցերը։ Երևի գենետիկ արթնացումն է, որ ստիպում էր նրանց լռել ու չպատմել «բռնաբարված, չարքարշ, գաղթական» պիտակների մասին։ Ու արթնացել է գենը․ես այդիսինը չեմ ու համոզված եմ, որ Պերճ Զեյթունցյանի խոսքերը, թե․ «Եթե ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ ստեղծիր ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր, որտեղից մարդ չուզենա հեռանալ․․․», միակ և անվերադարձ ճանապարհն են ապագա կերտելու, որտեղ թղթե շերեփներն այլևս անելիք չեն ունենա։

Monday, April 18, 2016

Ներքին թշնամուն սպանեք՝ մինչև արտաքինին հասնելը

Ես, անկեղծ եմ ասում, թքած ունեմ, թե Ռուսաստանը ում և որքան զենք է վաճառել, ես թքած ունեմ, թե ադրբեջանն ու թուրքիան ինչ և ում հետ են պայմանավորվել, ինձ չի հուզում աշխարհաքաղաքական խաղում Ամերիկայի դերը, քանի դեռ ես չեմ գիտակցում իմ՝ որպես պետություն, արժեքը, տեղը, դերը և կարողությունը։ 
Ես չեմ դատապարտում Ռուսաստանի հայերի միությանը, որ միտինգ չեն կազմակերպում ադրբեջանի դեսպանատան դիմաց, ես դատապարտում եմ այն անհատներին, ովքեր իրենցից «էդ բեռը» հեռացնում են՝ պատճառաբանելով, թե համայնքը պիտի դա անի։ Համայնքը, քեզ նման անհատներից է կազմված, ու եթե դու՝ որպես անհատ, «լայաղ» չես արել, տաք տնիցդ դուրս գաս, գնաս դեսպանատան մոտ «պրոբկաների միջով» ու քո ասելիքը ասես, ուրեմն ոչ մեկին մի մեղադրիր։ Միջոցներ ու ռեսուրսնե՞ր չկան։ Մի պաստառ պատրաստելու, մի քանի կիլոմետր գնալու համա՞ր։ Չեմ հավատում։ Իսկ մեղքը ուրիշի վրա գցելը համարում եմ ներքին թշնամու հստակ դրսևորում։ 
Կհասկանայի, եթե հիվանդ երեխային խնամող միայնակ մայր լինեիր։ Իսկ դու պարզապես բիզնեսմեն ես, ով չի ուզում, որ իր ադրբեջանցի գործընկերը, ումից դու վաղը ցեմենտ ես առնելու, քեզ «կլյաուզնիկ» համարի։ Բիզնեսը կտուժի՞։ Բա աջուձախ խոսում ես հայրենիքից ու հայրենասիրությունից։
Դու հայրենիք չունես, քանի դեռ պատրաստ ես քո ներքին ճշմարտությունը մի կողմ թողնել՝ կենցաղային, զուտ անձնական հարցեր լուծելու պատրվակով։ Դու անդեմ ու անսեռ ես, քանի դեռ հայ լինելը վեր չէ ամեն ինչից ու ամենքից։ Դու իմ ազգի ներքին թշնամին ես, ով ցեցի նման տաքուկ անկյունում անցքեր է բացում, որոնք հեռացնում են մեզ իրարից։ 
Ու այդ անցքերից ցնցոտի դարձած Հայկական լեռնաշխարհը չի կարող պայքարել արտաքին թշնամու դեմ, քանի դեռ թել ու ասեղով չի շուլալել քո «գործունեության» արդյունքը։ Դու նա չես, ում հետ կապում եմ ԻՄ Հայաստանի ապագան։ Իմ Հայաստանի ապագան մատները ծակող ու արյուն բերող ասեղից չվախեցող տեսակն է, ով առանց քեզ էլ թել էլ կգտնի, ասեղ էլ։ Իմ Հայաստանի ապագան նա է, ով գիտակցում է, որ հայը ազգություն չէ, այլ ԿՈՉՈՒՄ, որին պիտի հարմար լինես, գիտակցես դրա բարդություններն ու տիեզերական պատիվը, որ Արարիչն արել է՝ հայի գենը ստեղծելով։

Thursday, April 14, 2016

Երբ այլևս հնար ու ճար չկա


Վերջին օրերի իրադարձությունները անձամբ ինձ համար խիստ հայկական 2 երևույթի վառ ապացույցն էին։
Մենք գնում ենք բժշկի, երբ «դանակը ոսկորին է հասնում»։ Հետո՞ ինչ, որ աշխարհը, այդ թվում հայ բուժակները, դարեր առաջ դեռևս պարզել է, որ ավելի լավ է կանխարգելել, քան հետո բուժել։ «Դանակը ոսկորին հասած» գնում ենք բժշկի, նեղվում ենք, բնականաբար չենք ընդունում բժշկի ասածները, ինչ-որ բան անում, ինչ-որ բան չենք անում․․․ Ու վայն եկել տարել է մեզ, եթե բժշկի ցուցումների արդյունքում խոստացված ապաքինման լիարժեք արդյունք չեն տալիս (իսկ այդպիսի բան նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ)։ Այդ դեպքում բողոքում ենք բժշկից, հիվանդանոցից ու դեղ արտադրողից, հարևանից, որ առավոտյան շուտ է արթնանում, աշխարհից, որ «թարս է»․․․ բայց ոչ երբեք ինքներս մեզնից։ Ինչպես կարող ենք մենք մեղավոր լինել, չէ՞ որ մենք այդքան «բացառիկ ու աննախադեպ» ենք։
Անասելի տխուր ու ցավոտ է ցանկացած երիտասարդի կորուստը, այն էլ «բողբոջ» տարիքում։ Դեռ որքա՜ն ճանապարհ ունենին անցնելու․․․ նրանց արևավառ աչքերում որքա՜ն նախագծեր ու ապագա կա։ Կար․․․
Ու այս տղաների, հայ ժողովրդի արժանի զավակների կորուստը հենց «դանակը ոսկորին» հասցնելու արդյունքն է։ Ինչո՞ւ։ Որովհետև մեզ մինչև մի լավ չքոթակեցին, մենք չգիտակցեցինք, որ հայրենիքը, հողը արյունով են պահում։ Մենք չհասկացանք, որ պետք է բանակի կողքին լինել ոչ միայն երբ էլ հնար ու ճար չկա, այլ միշտ, անընդհատ, անդադար։ Համազգային ոգու բարձրացման ֆոնին միայն գիտակցեցինք, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող զինվորը, նրա զավակը բոլորիս պատասխանատվությունն է, որ միայն հայ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն արդեն ենթադրում է ընդհանուրի շահի համար ապրել ու արարել։
Ոգևորվեցինք, հուզվեցինք, սգացինք, «Հելնեմ Մասիսի գագաթին, ․․․ թուրքի ճակատին» անխուսափելի արտահայտություններն արեցինք ու․․․ ու վերջ, հասանք այնտեղ, որ սկսեցինք քավության նոխազներ փնտրել։ Այ որ սա մի քիչ քիչ գռփեր (արդարացի պահանջ), այ որ Թուրքիան մեր հարևանը չլիներ, այ որ Ռուսաստանը զենք չծախեր, այ որ Ամերիկան տարածաշրջանում հետաքրքրություններ չունենար․․․
Իսկ այ որ մենք գիտակցեինք, որ պարտադիր չէ, որ մեզ քոթակեն, որ մենք հիշենք մեր պարտականությունները, ամեն օր հոգայինք մեր պետության կայացման ու զարգացման համար, չփորձեինք ներքին խնդիրների պատճառներ ու արձագանքներ գտնել մեզնից դուրս ու պարզապես ավելի քաղաքացի լինեինք, այս ամենը հնարավոր կլիներ գոնե մի քիչ կանխել։ Ինչո՞ւ սպասել, որ այլևս հնար ու ճար չլինի, որ համազգային արթնացման ապտակ ստանանք, երբ կարելի է առանց ցավի հաղթահարել ցանկացած դժվարություն, նույնիսկ արտաքին գերհզորներից բխող։ Ինչո՞ւ կործանիչ որդը դրսում փնտրել, երբ դու, հենց դո՛ւ, պարզապես պատասխանատու չես եղել․․․



Saturday, April 9, 2016

Այսօր կամ երբեք

Ինքնաբավ պետությունը Հայաստանի կայունության միակ ուղին է։ Բազմիցս եմ դրանում համոզվել։ Ու ինքնաբավության համար բազում պատճառներ և հնարավորություններ կան Հայաստանում։ Սկսենք պատճառներից։
Ինքնաբավ պետությունները չեն տառապում ժամանակակից աշխարհին հատուկ սպառողական մտածողությամբ։ Դրանք արարող, կերտող, ստեղծող պետություններ են, որոնք կարողանում են բավարարել ներքին շուկայի պահանջների գոնե կեսից ավելին։ Արտահանում են այն, ինչն իրենց մոտ ավելի լավ, շատ ու էժան է ստացվում, փոխարենը ստացված գումարներով լրացնելով ներսի շուկայի պահանջի չբավարարված մասը։
Ինքնաբավ հասարակություններն ունեն սոցիալական մտածողություն։ Այսինքն՝ ինձ համար կարևոր սահմանը չի վերջանում մի տան դռան շեմով։ Ես իմ երեխայի համար պատասխանատու եմ ճիշտ այնքան, որքան հարևանի երեխայի համար։ Իմ աշխատանքի հաջողության համար հավասարաչափ պատասխանատվություն է կրում և դա գիտակցում է իմ գործընկերը։ Բոլորի ցավն ու ուրախությունն ընդհանուր է։ Ու նման էլի օրինակներ։ Արդյունքում հասարակարգն էլ ավելի քաղաքացիական է, իրական քաղաքացիական (այս մասին գրել եմ այստեղ․․․)։
Ինքնաբավ պետություններում կառավարման մեխանիզմը պատժող չէ, այլ ուղղորդող՝ խորհուրդ տվող։ Օրինակ՝ հարկային ծառայությունը հարկային հաշվետվությունը 2 րոպե ուշ ներկայացնելու համար ոչ թե տուգանում է, այլ հարցնում նորաստեղծ բիզնեսին․ «Գուցե օգնության կարի՞ք ունես, խորհրդի կամ ռեսուրսի»։
Ինքնաբավ պետությունները հոգեբանական, սոցիալական, նյութական կախում գրեթե չունեն որևէ այլ պետությունից կամ անհատից, ինչի արդյունքում առավել կայուն են։ Այստեղ հատկապես կարևոր է հոգեբանական կախվածությունը, ինչն առանձնացնում է նաև երեխայի ու մոր հարաբերությունը։ Կամ ասենք` մուրացիկի ու նրան օգնողի։ Ընդ որում` բոլոր տեսակի կախվածություններից զերծ լինելը նաև պետության ներքին հասարակության համար է բնութագրիչ։ «Ես պատասխանատու եմ և գիտեմ` ինչ են ինձ պարտական»։ Շատ մարդկային է, երբ մի քանի անգամ քո փոխարեն քո պատասխանատվության շրջանակի աշխատանքն իրականացնում են ուրիշները, այլևս ցանկություն չի առաջանում  զարգանալու, որևէ բան տեղից շարժելու։ Այստեղից էլ հաջորդ պատճառը։
Ինքնաբավ պետությունները մշտապես զարգանում են և զարմացնում «չուզողներին»։ Ու հենց այստեղից էլ շարունակենք հնարավորությունների մասին։
Մարդկային ռեսուրս։  Հայկական միտքն ու դրա արգասիքը մշտապես զարմացրել են իրենց յուրահատուկ լուծումներով։ Մարդկային ռեսուրսի հզորության ականատեսը եղանք Ադրբեջանի ագրեսիային պատասխանելիս, երբ մեր սակավաթիվ բանակը կարողացավ հակազդել տեխնիկապես առավել զինված «հարևանին»։
Տեխնոլոգիաներ։ Այսօր մենք մեր զարգացման վեկտորն արդարացիորեն ուղղել ենք տեխնոլոգիաների ուղղությամբ։ Եվ Հայաստանում հիմա ստեղծվում են ապրանքներ, որոնք կարող են հեշտությամբ մրցել և նույնիսկ առաջ անցնել տեխնոլոգիական հսկա երկրներում ստեղծված մրցակիցներից։
Ֆինանսական ռեսուրս։ Նույնկերպ, հայկական սփյուռքի գիտական և հետո միայն ֆինանսական ներուժը կարող են թույլ տալ իրականացնել ամենաբարդ մասսայական արտադրություններ, որոնք, բացի ներքին շուկայի պահանջները բավարարելուց, հեշտությամբ կարտահանվեն։
Բնություն և գյուղատնտեսություն։ Ի՞նչ է անհրաժեշտ մոտ 3 մլն բնակչություն ունեցող պետությանը` պարենային պահանջները բավարարելու համար, երբ այդ երկրի հողը բավարար բերրի է, կլիման՝ հրաշալի, որտեղ կարելի է աճեցնել կարտոֆիլից մինչև կիվի, ձիթապտղից մինչև ցորեն։ Կասեք, թե․ «Բավական հող չկա»։ Իսկ դուք գիտե՞ք, թե Հայաստանի հողատարածքի ո՞ր մասն է մշակվում։ Իսկ դուք գիտեք, թե այդ հողատարածքների որքան մասն է որպես արոտավայր օգտագործվում․․․

Եվ եթե մենք ունենք այս ամենը, ի՞նչն է մեզ խանգարում դառնալ ինքնաբավ պետություն։ Միասնությունը (բանակին օգնելուն ուղղված ֆոնդերի թիվն արդեն մոտենում է հարյուրին), ռեսուրսների համակարգված և գիտակցված կիրառությունը (մենք զարգացնում ենք բացառապես նեղ մասնագիտական ոլորտներ, այն էլ կազմակերպությունների և ոչ ենթակառուցվածքների մակարդակում, ինչն էլ բերում է նրան, որ հարակից ոլորտները մնում են նույն հարթակում, իսկ հիմնական ուղղությունն այդ պարագայում կատալիզատորի դեր չի կարողանում ստանձնել) և պատասխանատվությունը (նույնիսկ այս դժվարին օրերին մենք «եղունգ ունես, գլուխդ քորիր» արտահայտությամբ՝ չգիտակցելով, որ մենք բոլորս ենք պատասխանատու մեր ապագայի համար)։ Ու անկեղծորեն, չեմ ընդունում բոլոր այն պնդումները, թե․ «Ո՞ւմ համար անեմ․․․»: Մենք բոլորս ենք մեր արյունոտ ու ավելի շատ վայրէջք արձանագրած պատմությամբ ապացուցել, որ «Ես ավերակաց ո՞ւմ թագավորեմ» տեսակի պնդումներն ընդամենն արագացնում են գահավիժելու ընթացքը։ Ու եթե ընձեռնված այսպիսի հնարավորությունից՝ ճգնաժամային իրավիճակից, մենք դասեր չքաղենք, հաջորդը կարող է պարզապես չլինել։

Saturday, April 2, 2016

Ինֆորմացիոն պատերազմների ու հաղթանակների մասին

Այն, որ այսօրվա իրադարձությունները գրեթե չեն ազդել մայրաքաղաքում գտնվող կազմակերպությունների բնականոն աշխատանքի, քաղաքացիների կյանքի վրա, խոսում է այն մասին, որ ոչ թե անհանգստություն չկա, այլ հակառակը․ հանգստություն կա մեր խաղաղ քնի, կյանքի ու ապագայի հանդեպ։ Մեր տղերքի բազկին մեռնեմ․․․

Բայց այսօր պատերազմական գործողություններն ամբողջ աշխարհում ընթանում են ոչ թե սահմանին, այլ վիրտուալ, գոյություն չունեցող, բայց մեզ փոշեկուլի նման ներքաշող հարթությունում։ Ու չկա ավելի հզոր, կործանիչ ու քայքայող ուժ, քան ինֆորմացիան։ Բոլոր ժամանակներում է այդպես եղել։ Հզոր է եղել նա, ով տիրապետել է ինֆորմացիայի, ավելին, կարողացել է այն ի շահ իրեն օգտագործել։ Այդպես են ծնվել «պատմության» գրքերը, կրոնները․․․ Ու եթե ուշադիր ենք զննում դրանցում մեզ հրամցվող ինֆորմացիան, կարմիր թելի պես մի բան ենք տեսնում առաջին հայացքից նույնիսկ իրար հետ կապ չունեցող այս կրիչներում․

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Քարոզչությունը, որպես ընդհանրացված երևույթ, վստահաբար դրական երանգավորում չունի։ Բայց առանց դրա հնարավոր չէ պայքարել, մանավանդ եթե «մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով ու զորությամբ թույլ, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի...» (Մ.ԽՈՐԵՆԱՑԻ):

Եվ քանի որ վիրտուալ տիրույթում թշնամին աներևույթ է, ոչ միշտ կանխատեսելի, պետք է զինվել գործիքներով ու տեղեկատվությամբ ու անցնել մարտի։

Վիրտուալ աշխարհում ինֆորմացիան լույսի արագությամբ է գրավում երկրագունդը և ով ավելի արագ ու համոզիչ եղավ, չհաշված լոբբիզմի ու այլ ազդեցությունների արդյունքը, նա էլ հաղթող է դառնում։

Մեր տղերքն էլ իրական ու արյունահեղ թշնամու հետ են կռվում։ Ու ինչպես մենք ենք հանգիստ, որ նրանք են ապահովում, նրանց էլ անհրաժեշտ է, որ մենք ինֆորմացիոն պատերազմում նրանց պաշտպանենք նույնկերպ։ Ու գիտակցելով ինֆորմացիոն պատերազմում կեղծ տեղեկտվության կարևորությունը, պետք է միշտ զգոն լինել, չթուլանալ, աչք չփակել․․․

Հաղթանակը նրանն է, ով դրանից չի վախենում ու գիտակցում է թելադրված հակամարտության ռեալ և վիրտուալ հարթակներում տարվող գործողություններում միասնական մոտեցումը։