Saturday, April 9, 2016

Այսօր կամ երբեք

Ինքնաբավ պետությունը Հայաստանի կայունության միակ ուղին է։ Բազմիցս եմ դրանում համոզվել։ Ու ինքնաբավության համար բազում պատճառներ և հնարավորություններ կան Հայաստանում։ Սկսենք պատճառներից։
Ինքնաբավ պետությունները չեն տառապում ժամանակակից աշխարհին հատուկ սպառողական մտածողությամբ։ Դրանք արարող, կերտող, ստեղծող պետություններ են, որոնք կարողանում են բավարարել ներքին շուկայի պահանջների գոնե կեսից ավելին։ Արտահանում են այն, ինչն իրենց մոտ ավելի լավ, շատ ու էժան է ստացվում, փոխարենը ստացված գումարներով լրացնելով ներսի շուկայի պահանջի չբավարարված մասը։
Ինքնաբավ հասարակություններն ունեն սոցիալական մտածողություն։ Այսինքն՝ ինձ համար կարևոր սահմանը չի վերջանում մի տան դռան շեմով։ Ես իմ երեխայի համար պատասխանատու եմ ճիշտ այնքան, որքան հարևանի երեխայի համար։ Իմ աշխատանքի հաջողության համար հավասարաչափ պատասխանատվություն է կրում և դա գիտակցում է իմ գործընկերը։ Բոլորի ցավն ու ուրախությունն ընդհանուր է։ Ու նման էլի օրինակներ։ Արդյունքում հասարակարգն էլ ավելի քաղաքացիական է, իրական քաղաքացիական (այս մասին գրել եմ այստեղ․․․)։
Ինքնաբավ պետություններում կառավարման մեխանիզմը պատժող չէ, այլ ուղղորդող՝ խորհուրդ տվող։ Օրինակ՝ հարկային ծառայությունը հարկային հաշվետվությունը 2 րոպե ուշ ներկայացնելու համար ոչ թե տուգանում է, այլ հարցնում նորաստեղծ բիզնեսին․ «Գուցե օգնության կարի՞ք ունես, խորհրդի կամ ռեսուրսի»։
Ինքնաբավ պետությունները հոգեբանական, սոցիալական, նյութական կախում գրեթե չունեն որևէ այլ պետությունից կամ անհատից, ինչի արդյունքում առավել կայուն են։ Այստեղ հատկապես կարևոր է հոգեբանական կախվածությունը, ինչն առանձնացնում է նաև երեխայի ու մոր հարաբերությունը։ Կամ ասենք` մուրացիկի ու նրան օգնողի։ Ընդ որում` բոլոր տեսակի կախվածություններից զերծ լինելը նաև պետության ներքին հասարակության համար է բնութագրիչ։ «Ես պատասխանատու եմ և գիտեմ` ինչ են ինձ պարտական»։ Շատ մարդկային է, երբ մի քանի անգամ քո փոխարեն քո պատասխանատվության շրջանակի աշխատանքն իրականացնում են ուրիշները, այլևս ցանկություն չի առաջանում  զարգանալու, որևէ բան տեղից շարժելու։ Այստեղից էլ հաջորդ պատճառը։
Ինքնաբավ պետությունները մշտապես զարգանում են և զարմացնում «չուզողներին»։ Ու հենց այստեղից էլ շարունակենք հնարավորությունների մասին։
Մարդկային ռեսուրս։  Հայկական միտքն ու դրա արգասիքը մշտապես զարմացրել են իրենց յուրահատուկ լուծումներով։ Մարդկային ռեսուրսի հզորության ականատեսը եղանք Ադրբեջանի ագրեսիային պատասխանելիս, երբ մեր սակավաթիվ բանակը կարողացավ հակազդել տեխնիկապես առավել զինված «հարևանին»։
Տեխնոլոգիաներ։ Այսօր մենք մեր զարգացման վեկտորն արդարացիորեն ուղղել ենք տեխնոլոգիաների ուղղությամբ։ Եվ Հայաստանում հիմա ստեղծվում են ապրանքներ, որոնք կարող են հեշտությամբ մրցել և նույնիսկ առաջ անցնել տեխնոլոգիական հսկա երկրներում ստեղծված մրցակիցներից։
Ֆինանսական ռեսուրս։ Նույնկերպ, հայկական սփյուռքի գիտական և հետո միայն ֆինանսական ներուժը կարող են թույլ տալ իրականացնել ամենաբարդ մասսայական արտադրություններ, որոնք, բացի ներքին շուկայի պահանջները բավարարելուց, հեշտությամբ կարտահանվեն։
Բնություն և գյուղատնտեսություն։ Ի՞նչ է անհրաժեշտ մոտ 3 մլն բնակչություն ունեցող պետությանը` պարենային պահանջները բավարարելու համար, երբ այդ երկրի հողը բավարար բերրի է, կլիման՝ հրաշալի, որտեղ կարելի է աճեցնել կարտոֆիլից մինչև կիվի, ձիթապտղից մինչև ցորեն։ Կասեք, թե․ «Բավական հող չկա»։ Իսկ դուք գիտե՞ք, թե Հայաստանի հողատարածքի ո՞ր մասն է մշակվում։ Իսկ դուք գիտեք, թե այդ հողատարածքների որքան մասն է որպես արոտավայր օգտագործվում․․․

Եվ եթե մենք ունենք այս ամենը, ի՞նչն է մեզ խանգարում դառնալ ինքնաբավ պետություն։ Միասնությունը (բանակին օգնելուն ուղղված ֆոնդերի թիվն արդեն մոտենում է հարյուրին), ռեսուրսների համակարգված և գիտակցված կիրառությունը (մենք զարգացնում ենք բացառապես նեղ մասնագիտական ոլորտներ, այն էլ կազմակերպությունների և ոչ ենթակառուցվածքների մակարդակում, ինչն էլ բերում է նրան, որ հարակից ոլորտները մնում են նույն հարթակում, իսկ հիմնական ուղղությունն այդ պարագայում կատալիզատորի դեր չի կարողանում ստանձնել) և պատասխանատվությունը (նույնիսկ այս դժվարին օրերին մենք «եղունգ ունես, գլուխդ քորիր» արտահայտությամբ՝ չգիտակցելով, որ մենք բոլորս ենք պատասխանատու մեր ապագայի համար)։ Ու անկեղծորեն, չեմ ընդունում բոլոր այն պնդումները, թե․ «Ո՞ւմ համար անեմ․․․»: Մենք բոլորս ենք մեր արյունոտ ու ավելի շատ վայրէջք արձանագրած պատմությամբ ապացուցել, որ «Ես ավերակաց ո՞ւմ թագավորեմ» տեսակի պնդումներն ընդամենն արագացնում են գահավիժելու ընթացքը։ Ու եթե ընձեռնված այսպիսի հնարավորությունից՝ ճգնաժամային իրավիճակից, մենք դասեր չքաղենք, հաջորդը կարող է պարզապես չլինել։

No comments:

Post a Comment